Ձյուդոյիստները դեռ չեն որոշել՝ Բաքու մեկնել, թե ոչ
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստի, որոնք պատրաստվում են տարբեր միջազգային մրցաշարերի: «Փետրվարին երեք ստուգատես կունենանք: Նախ Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում կմասնակցի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին: Դրանից հետո նա եւ Արսեն Ղազարյանը Համբուրգում կմասնակցեն 10-օրյա միջազգային ուսումնամարզական հավաքի, այնուհետեւ Դյուսելդոլֆ քաղաքում հանդես կգան «Գրան Պրիի» մրցաշարում: Ընտրել ենք հենց այս երկու ձյուդոյիստներին, քանի որ նրանք խոշոր մրցաշարերի մասնակցելու մեծ փորձ ունեն: Մյուս ձյուդոյիստները, որոնք նոր են ընդգրկվել ազգային հավաքականում, հանդես կգան համեմատաբար թույլ մրցաշարում՝ Ավստրիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին: Այս միջազգային մրցաշարերի արդյունքում կորոշենք, թե ովքեր Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում», - լրատվամիջոցով ասել է գլխավոր մարզիչը: Արմեն Նազարյանը նաեւ նշել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել աշխարհի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ, քանի որ այն կայանալու է Բաքվում: