«Երկիր Ծիրանի»-ն Լևոն Ալթունյանից պահանջում է հրամանը չգործող ճանաչել
Ըստ հիվանդների պնդումների, չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժման համար նրանց հնարավորություն չի ընձեռնվում պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժում ստանալ իրենց կողմից ընտրված բուժական հաստատությունում, իրենց ընտրած բժշկի կողմից, այն պարագայում, երբ ունեն հաշմանդամության կարգ։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը այս խնդրի կապակցությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, խնդրելով չգործող ճանաչել 2015 թվականի ՀՀ առողջապահության նախարարի N 49-Ն հրամանը, որի համաձայն ոչ բոլոր բուժհաստատություններն ունեն իրավունք (լիցենզիա) պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն տրամադրելու չարորակ նորագոյացությունների բուժման հարցում: Սույն հրամանը խախտում է քաղաքացիների իրավունքները, հակասում օրենքներին, որոնք ավելի գերակա են, որում սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը, որտեղ ներառված են նաև հաշմանդամության կարգ ունեցող անձինք: ..................... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ Հարգելի պարոն Ալթունյան, Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովման ոլորտը գտնվում է շատ վատ վիճակում։ Դժգոհ են ինչպես հիվանդները/հաճախորդները, այնպես էլ բուժաշխատողները։ Բժշկական կադրերի արտագաղթն արդեն դարձել է անվերահսկելի։ Սակայն, այս գրությանս նպատակն այլ է։ Ցանկանում եմ Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մարդ ունի իր բժշկին ընտրելու իրավունք (Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, 5ա հոդված – Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին)։ 2004 թվականի մարտի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության N 318-Ն որոշման համաձայն ընդունվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի, որտեղ ներառված են նաև հաշմանդամության կարգ ունեցող անձինք: Սակայն, ըստ հիվանդների պնդումների, չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժման համար նրանց հնարավորություն չի ընձեռնվում պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժում ստանալ իրենց կողմից ընտրված բժշկական հաստատությունում, իրենց ընտրած բժշկի կողմից, այն պարագայում, երբ ունեն հաշմանդամության կարգ։ Խնդրի պարզաբանման նպատակով փորձեցի առողջապահության նախարարությունից հեռախոսով ճշտել համապատասխան օրենքի կետի կամ հրամանի առկայությունը, սակայն դիմում-բողոքների բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը պատասխանեց, որ համապատասխան ինֆորմացիայի չի տիրապետում և այս խնդիրը իմ «պրոբլեմն է», որն իրեն չի հետաքրքրում (նշեմ, որ տիկին Հարությունյանին տեղեկացրել եմ իր գործողությունները հրապարակայնացնելու մասին)։ Պետական առողջապահական գործակալությունից 24.01.2018-ին ինձ հայտնեցին, որ 2015 թ-ի ՀՀ առողջապահության նախարարի N 49-Ն հրամանի հավելվածի ձև 2-ի համաձայն ոչ բոլոր բուժհաստատություններն ունեն իրավունք (լիցենզիա) պետ. պատվերի շրջանակներում բժշկական օգնություն տրամադրելու չարորակ նորագոյացությունների բուժման հարցում։ Այնուհետև, նույն օրը Առողջապահության Նախարարություն դիմած քաղաքացուն բացատրել են, որ վերոնշյալ հրամանն այս տարվանից չի գործում։ Նախ նշեմ, որ այս հրամանը խախտում է քաղաքացիների իրավունքները, հակասում է գործող վերոնշյալ օրենքներին, որոնք ավելի գերակա են։ Մենք պարտավոր ենք ենթարկվել առավել գերակա օրենքին։ Այս բոլոր հակասությունները ստեղծում են խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ ինչպես հիվանդների/հաճախորդների, այնպես էլ բուժաշխատողների ու բուժհաստատությունների համար, պարունակում են կոռուպցիոն ռիսկ, հիվանդներին պետ. պատվերի տրամադրումը որոշվում է կամայական սկզբունքով։ Կարող եմ փաստել, որ Առողջապահության Նախարարության աշխատակիցների մեծ մասը չի տիրապետում այն ոլորտին, որին ծառայելուն է լծված, քանզի մեկ հարցիս պատասխան ստանալու համար ստիպված եմ եղել զանգահարել ԱՆ-ի 7 հեռախոսահամարով, որոնք ինձ հաջորդաբար փոխանցում էին հեռախոսներին պատասխանող անձինք։ Խնդրում եմ Ձեզ, -շտապ կարգով ուսումնասիրել վերոնշյալ հրամանը և իրավիճակը, հրամանը համարել չգործող, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորություն ունենան լիարժեք օգտվել իրենց իրավունքներից, իսկ բուժ. անձնակազմը բժշկությամբ զբաղվելու փոխարեն ստիպված չլինի զբաղվել անիմաստ թղթաբանությամբ։ - հայտարարել որոշման վերաբերյալ, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի իր իրավունքների վերաբերյալ։ - ստուգել ԱՆ-ի աշխատակիցների որակավորումը՝ տալով համապատասխան արձագանք: Հարգանքներով՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Բժիշկ-Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան