Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ԽՆԱՄԻ, ԾԱՆՈԹԻ ՓՈԽԱՐԵՆ

Հասարակություն

«Փնտրում եմ մաքրասեր, ճշտապահ, նվիրված կնոջ, որ նիհար չլինի նաեւ երբեւէ ամուսանացած չլինի»: Այսպիսին են 45 ամյա Գագիկի պահանջները իր ապագա ընտրյալին, ում գտնելու համար նա դիմել է ամուսնական գործակալություն: Այստեղ նրան գրանցել են, նրա բնութագիրը եւ լուսանկարը տեղադրել են հավանական թեկնածուների կատալոգում, ու հիմա նա պիտի սպասի, թե երբ իրեն իմաց կտան իր նախընտրած մեկը հայտնվելու դեպքում:

«Գործակալությունների միջոցով ամուսնությունները կիսով չափ երաշխավորված են, որովհետեւ մարդիկ այստեղ գիտակցված են գալիս ու հստակ նպատակներով»,- «Ա1+»-ին ասաց Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ում անմիջական ենթակայության տակ գարծում է ամուսնական գործակալությունը:

Նա նաեւ հայտնեց, որ գործակալության ծառայությանը հիմնականում դիմում են 30-անց մարդիկ, չնայած եղել է մի դեպք, երբ անչափահաս աղջկան մայրը բերել է գրանցելու, որ «արտասահմանում ամուսնանա եւ իրենց տարեկան 100 դոլար ուղղարկի», ում չեն ընդունել: Ըստ Լիլիթի` գործակալությանը դիմած կանայք եռակի շատ են:

Գործակալությունը արդեն 5-րդ տարին է, որ գործում է եւ ծառայությունները անվճար են, քանի որ ըստ տնօրենի` «հայերը չեն կարող գումար տալ ամուսնանալու համար»:

«Լավագույն դեպքում կարող ենք կրպակ բացել եւ նրանց բերած կոնֆետները վաճառել, գումարային այլ ակնկալիքը անհեռատեսական է»,-ասաց գործակալության տնօրենը:

Նա նաեւ պատմեց, որ հաջողված զույգերը բոլոր տոներին իրենց այցելում են, իսկ մարդիկ, ում «բախտը այնքան էլ չի բերել», կռիվ են գալիս: Սա չնայած այն հանգամանքին, որ գործակալությունում իրենց հետ պայմանագիր է կնքվում եւ գործակալությունը պատասխանատու չի լինում հետագայի համար:

«Մեր միջոցով այս գրասենյակի բոլոր աշխատակիցները ամուսնացել, գնացել են ու ես անընդհատ աշխատողի խնդիր ունեմ»,-պատմեց Լիլիթ Մելիքյանը:

Իսկ թե ինչ կապ ունի «Տերյանը»-ը ամուսնական գործակալության հետ, Լիլիթ Մելիքյանը պարզաբանեց, որ երբ «Բրաբիոն»-ից հեռացավ, ամուսնական գործակալությունում գրանցված 1900 մարդ կար եւ «նրանց հնարավոր չէր բացատրել, որ վերջ, ավարտեցինք մեր գործը:

«Ես` որպես արդեն գործող «Տերյան» մշակութային կենտրոնի նորանշանակ տնօրեն, բերեցի գործակալությունը այստեղ»,-ասաց նա` նաեւ պարզաբանելով, որ կենտրոնը գործում է այստեղի աշխատակիցների կտավների վաճառից ստացված գումարներով: Նշենք, որ կենտրոնը ունի նաեւ գրքերի հարատարակման, արվեստի, մշակությանի միջոցառումների կազամակերպման եւ այլ բաժիններ:

Շուշան Հարությունյան

ԵՊՀ ուսանող