Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրվող գումարով մատչելի սայլակ չեն կարողանում գնել (տեսանյութ)

Հասարակություն
index

Հաշմանդամության կարգ ստանալու համար անձը  ստիպված չի լինի թղթապանակով  ներկայանալ բժշկասոցիալական հանձնաժողով: «Վերացնում ենք թղթային, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակությունը: Հաջորդ նորամուծությունը ներդրվում է անձի առողջական վիճակի օգտաքարտի ինստիտուտը:  Դա մի փաստաթուղթ է, որում առկա է համապարփակ տեղեկատվություն այդ նույն անձի առողջական վիճակի վերաբերյալ»,- ասում է   Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սայիյանը:  Նորամուծությունները  ուժի մեջ  են  մտնելու 2018 թ-ից:   Հայաստանում մնում է խնդրահարույց հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը:  Ըստ օրենքի՝  ՀՀ-ում հաշմանդամության կարգ է ստանում այն անձը, ով ունի հիվանդություն, վնասվածք, խեղում, որը բերում է օրգանիզմի կայուն խանգարման եւ կենսագործունեության սահմանափակման։ «Եթե անձը չունի ֆունկցիայի կայուն չափավոր խանգարում, ապա նա հաշմանդամ չի կարող ճանաչվել, որովհետեւ կենսագործունեության խանգարում չկա»:  Շատ են լինում դեպքերը, երբ անձին տրամադրվում է հաշմանդամության կարգ, սակայն հաջորդ տարի նրան մերժում են:  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը պարզաբանում է՝ գոյություն ունի  կառավարության որոշում, ըստ որի, եթե անձի կլինիկական  կամ վերակագնողական կանխատեսումն անորոշ է եւ հակում ունի անբարենպաստի վերածվելու հիվանդությունը, ապա մեկ տարի ժամկետով հաշմանդամություն է սահմանվում: Հետագա դիտարկումը ցույց է տալիս, որ նրա մոտ չկա ֆունկցիայի խանգարում եւ դրա համար մերժել են հաշմանդամությունը: Այս տարվա 10 ամիսների տվյալներով  49722 անձ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության համար, նրանցից հաշմանդամություն ունեցող  չի ճանաչվել 9931՝ այսինքն դիմողների 20 տոկոսը:  Փոփոխությունների  արդյունքում, լսողության եւ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց  պետությունը տրամադրում է հավաստագրեր՝ լսողական սարքեր եւ սայլակներ ձեռք բերելու համար: «Շուկայում բավականին մրցակցային միջավայր է ձեւավորվել:  4-5 կազմակերպություններ  արդեն դիմել եւ հավաստագրվել են նախարարության կողմից եւ արդեն ծառայություններ են մատուցում: Սա նշանակում է, որ քաղաքացին իրեն հատկացված հավաստագրով կարող է այցելել ցանկացած  այդպիսի ծառայություն մատուցող կազմակերպություն, ձեռք բերել իր կարիքներին համապատասխան պարագաներ՝ լսողական սարք կամ սայլակ»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս տարի նախատեսված է 1100 լսողական սարքերի եւ շուրջ 600 սայլակների տրամադրում:  Սայլակների տրամադրման համար 95,000 դրամ է սահմանված, իսկ լսողական սարքերի համար 30,000 դրամ: Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ծրագրերի ղեկավարը սակայն նշում է՝ հավաստագրի  գումարի չափը  որոշ դեպքերում բավարար չէ՝ լսողական սարքեր կամ սայլակ ձեռք բերելու համար:  Արդեն 30 անձ է նման խնդիր բարձրացրել: «Հաշմանդամություն ունեցող անձը մոտենում է, փորձում է սայլակը, դա մատչելի չէ եւ երբ մատչելին է ընտրում, դա ավելի բարձր գնի է լինում: Մեզ համար ուղղություն է տրված ընտրելու մեզ համար մատչելի, վերջապես մեզ զգանք մեր նստատեղին հարմար եւ հիմա նորից հարմար չենք զգում, որովհետեւ գումարային ցենզը խանգարում է մեզ ընտրելու սայլակ»,- ասում է Արմենուհի Նիկողոսյանը: Նա մեկ խնդիր էլ է առանձնացնում՝  հավաստագրերի մեջ չկան քայլակներ եւ հենակներ, որոնք եւս անհրաժեշտ են: