Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» հաղթեց առաջնության առաջատարին

Սպորտ
sport-alashkert

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի առաջին խաղում Կապանի «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»։ Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդում կապանցիները մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման 77-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Աշոտ Կարապետյանը։ Այս գոլի հաշվին էլ «Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ «Բավական լավ խաղ ստացվեց։ Մրցակցին լավ ուսումնասիրել էինք եւ կարողացանք վնասազերծել նրա վտանգավոր խաղացողներին։ Մեր դարպասին ոչ մի վտանգավոր հարված չի եղել։ Ավաղ, մեր խաղացողի ձեռքին գնդակը պատահական դիպչելու համար մեր դարպասին 11մ հարված նշանակվեց, որն էլ վճռեց խաղի ելքը», - հանդիպումից հետո ասաց «Ալաշկերտի» մարզիչ Արկադի Չիլինգարյանը, որը փախարինում էր թիմի որակազրկված գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին։ «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տղաներին իրենց կատարած աշխատանքի համար։ Հանդիպումն այնքան էլ դիտարժան չստացվեց, քանի որ ավելի շատ մտածում էինք միավորներ վաստակելու մասին։ Այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ դա մեզ թույլ տվեց կրճատել առաջատարից ունեցած միավորների տարբերությունը։ Հակառակ դեպքում առաջնությունը, կարելի էր ավարտված համարել», - այսպես մեկնաբանեց հանդիպումը «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։