Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալետի պարողների մեծ մասը կարող է լավ զինվոր լինել. Ռուդոլֆ Խառատյան (տեսանյութ)

Հասարակություն
xaratyan

«Ամենամեծ բալետային խմբերը «Նյու-Յորք սիթի», Մոսկվայի «Մեծ թատրոնի», Սանկտ Պետերբուրգի «Մարինյան» թատրոնի խմբերն են: Նման փոքր երկրների համար, ինչպիսին մեր հանրապետությունն է, 26 պարողն էլ բավարար է, որ հնարավոր լինի ներկայացումներ տալ: Բայց, քանի որ մեզ մոտ դեռ խորհրդային տարիներից մնացել է մեծ կառույցի գաղափարը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 86 հոգանոց բալետային խումբ ունի, որը, մեր այսօրվա պայմաններում պահելը անիմաստ է, կարիքը չեմ տեսնում»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: -Երբ նայում ենք այսօրվա մեր բալետային ներկայացումները, հասկանալի է դառնում, որ մեծ մասը այսօրվա մեր պարողներից շատ ավելի լավ զինվոր կարող է լինել, այսինքն,  80-ից՝ 50-ը հաստատ կարող են հրաշալի զինվոր լինել»: Ռուդոլֆ Խառատյանը համոզված է, որ այսօր մեր կարևորագույն խնդիրը՝ ազգ-բանակ գաղափարն է. «Մենք ունենք ֆիզիկական սահմաններ, որ խնդիր ունենք պահելու, պաշտպանելու հայրենիքը, - ասում է նա, -և այս առումով ազգի յուրաքանչուր տղամարդ, ինչու չէ նաև կին, պետք է լինի ազգի պաշտպան, զինվոր»: Մյուս կողմից էլ արվեստն ու գիտությունը երկրի անտեսանելի սահմաններն են, որ նույնպես պետք է պահել: Նրանք էլ իրենց արվեստի ու գիտության զինվորներն են պահանջում: Բալետմայստերը հույս ունի, որ մեր կառավարությունը պետք է կարողանա այնքան ճկուն և գիտակից լուծումներ գտնի, որ իր ազգին չզրկի նաև արվեստից ու գիտությունից: Քանի՞սն են, որ իրոք պետք է ծառայեն որպես արվեստի զինվոր: Ռուդոլֆ Խառատյանը վստահ է, որ այս խնդրի մեջ, միանշանակ, իրենց մեծ դերը ունեն կատարելու մասնագետները, որոնք պետք է կարողանան ճիշտ, արդար որոշում կայացնել, թե օրինակ պարողներից քանիսը ունեն այն պոտենցիալը, այն հեռանկարը, որ կարող են մնալ պաշտպանելու հայրենիքի անտեսանելի, հոգևոր սահմանները: