Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկտ Պետերբուրգի շուկայից լավաշ կամ լոբի եմ գնում. ռեստորատոր

Հասարակություն
mnacakanov

Նոյեմբերի 9-ին «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ԼԵԿՏՈՐԻՈՒՄ» նախագծի շրջանակում «Այբ» դպրոցում տեղի ունեցավ հանրահայտ ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովի վարպետության դասը: Արամ Մնացականովը Հայաստան է ժամանել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հատուկ հրավերով: «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ԼԵԿՏՈՐԻՈՒՄ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան Փրոդաքշնսի» համատեղ նախաձեռնությամբ: Վարպետության դասի թեման էր «Խոհարարի մասնագիտությունը. վաղ ժամանակներից մինչև մեր օրեր. հաջողության գաղտնիքը» («Профессия повара: с древних времен до наших дней. Секрет успеха»): Նշված թեմայի համատեքստում Արամ Մնացականովը լսարանին ներկայացրեց հաջողության իր պատմությունն ու խոսեց անցած ուղու մասին: «Ամենակարևոր արժեքը մարդու համար հենց ինքն է: Հիմնական ներդրումը, որ արժի կատարել, ներդրումն է սեփական անձի զարգացման գործում: Երբ սկսում ես աշխատել այն ոլորտում, որը քեզ իսկապես հոգեհարազատ է, ժամանակի ընթացքում անունդ սկսում է խոսել քո փոխարեն: Կարևոր է հասկանալ, որ մարդն է կերտում իր անունը և ոչ հակառակը», - հանդիպման ընթացքում նշեց Մնացականովը: Վարպետության դասի ընթացքում հանրահայտ շեֆ- խոհարարն ու ռեստորատորը անդրադարձավ նաև հայկական խոհանոցին. «Հայկական խոհանոցը մեծ պոտենցիալ ունեցող դաշտ է: Այստեղ մթերքի խնդիր չկա, իսկ համեղ խոհանոց ունենում է այն երկիրը, որտեղ մթերքն է համեղ: Առաջին մարդը, ով կստեղծի նոր հայկական խոհանոց, այսինքն ավանդույթները պահպանելով կառաջարկի դրանց պատրաստման և մատուցման նորարարական մոտեցումներ, միանշանակ կհասնի հաջողության»: Խոսելով խոհարարի մասնագիտության մասին՝ Արամ Մնացականովը նշեց, որ  խոհարարը, միայն նա չէ, ով համեղ է պատրաստում, խոհարարը մարդ է, ով հյուրեր է ընդունում, և նա պարտավոր է լինել հետաքրքիր, զարգացած և հարուստ ներաշխարհով:   Անկեղծ ու անմիջական մթնոլորտում  անցած վարպետության դասի ընթացքում Արամ Մնացականովը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցրերին՝ խոհարարական, կազմակերպչական և անձնական թեմաների շուրջ: Մնացականովը նշեց, որ ամեն շաբաթ այցելում է Սանկտ Պետերբուրգի շուկան, որտեղ մի կին Հայաստանից  բերված մթերքներ է վաճառում. «Եթե հանդիպում եմ այդ կնոջը, անպայման լավաշ կամ օրինակ լոբի եմ գնում: Կարծում եմ, որ Հայաստանից ներկրված մթերքը յուրօրինակ համ ունի, և դա է հայակական խոհանոցի հիմնական գաղտնիքը»: Հանդիպման ավարտին շեֆ-խոհարարն ընտրեց լավագույն հարցի հեղինակին, ում հետաքրքիր էր,  թե ինչ  ի նկատի ունի Մնացականովը ասելով նոր հայկական խոհանոց: Արամ Մնացականովը լավագույն հարցի հեղինակին նվիրեց իր գիրքն անվանական ստորագրությամբ: Նշենք, որ Արամ Մնացականովը իր Հայաստան այցի շրջանակում մասնակցելու է բաց խոհանոցում իտալացի խոհարար Անտոնիո Ֆրեզայի և հայ խոհարար Անդրանիկ Մանուկյանի «Շերեփամարտին» որպես հատուկ հյուր և ժյուրիի անդամ:   Արամ Մնացականովը  հանրահայտ ռեստորատոր է, ով բազմաթիվ ռեստորանների հիմնադիր, կառավարիչ և սեփականատեր է: Նա շեֆ-խոհարար է և ուկրաինական, ռուսական խոհանոցային հեռուստաշոուների ("Пекельна кухня" ,"Адская кухня") հաղորդավար:  Մնացականովը ծնվել է Բաքվում՝ հայկական ընտանիքում, դպրոցական տարիներին տեղափոխվել է Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), սովորել է նախիմովյան ուսումնարանում, զինվորական ծառայություն է անցել  Վասիլևսկի  կղզու Թիկունքի և  տրանսպորտի  ակադեմիայում, Լենինգրադի ճարտարագիտա-շինարարկան ինստիտուտում (ЛИСИ)  ուսումնասիրել է ավտոմեքենաների  շահագործման տեսություն:  90-ականների սկզբին Սանկտ Պետերբուրգում հիմնել և անցկացրել է առաջին թենիսի մրցաշարը՝ StPetersburg Open և Դեվիսի գավաթ:  2014թ.-ին եղել է Սոչիի Օլիմպական խաղերի պատվավոր ջահակիր: