Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՄՕ սերմը հիմնովին փչացնում է հողը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
monsanto-evolution

Ստամոքսում  հայտնված  Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ՝ ԳՄՕ  պարունակող սնունդն այնքան վտանգավոր չէ, որքան վարակված  սերմը։  Տրանսգենային սերմերը բացասական են ազդում հողի բերրիության վրա եւ կարող են դուրս մղել բնական տեսակին։ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է.   «Մենք այսօր խոսում ենք, թե  մեր Անահիտ տեսակի լոլիկը վերանում է, ինչքան շատ մոդիֆիկացված սերմեր են  ներմուծում, այդքան այդ սերմը խանգարելու է այն մարդուն , որն ուզում է օրգանիկ մթերք արտադրել: Հայաստանի նման երկրում, որն ունի փոքր հողատարածքներ, անհնար է չվնասել կողքինի հողը»: Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին տեղեկատվությունը  ավելացրեց    մտահոգությունները։ Նրանց առաջարկած սերմերում կա ԳՄՕ։ Դավիթ Պիպոյանը  հիշեցնում է, որ եթե  հնարավոր չէ կանխել սննդի մուտքը երկիր, գոնե հնարավոր է կանխել ԳՄՕ պարունակող սերմերի  ցանքսը. «Եթե ԳՄՕ-ն էդքան լավ բան է, ինչու Իտալիան կամ Ֆրանսիան պետք է արգելի եւ այլ երկրից ձեռք բերի տվյալ մթերքը, ուրեմն խնդիր կա: Եթե ես կարող եմ փչացնել քո երկիրը, ինչո՞ւ փչացնեմ իմը»: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ  «Մոնսանտո» ընկերության արտադրանքից: «Նրանց գիշատիչ, գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են»,- հայտարարել էր  երաժիշտը։ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը այդքան էլ չի սարսափել ամերիկյան ընկերության՝  հայկական շուկայում ընդլայնվելու  հնարավորությունից։ Նա աղմուկը համարում է մասամբ  չափազանցված. «Ես, որ բացում եմ թերթը, կարդում եմ՝ ԳՄՕ-ն առաջացնում է հրեշածինություն... անգլուխ մարդ շատ եմ տեսել, բայց 2 գլխով մարդ դեռ չեմ տեսել:  Եթե 60 տարի այդ մթերքն օգտագործում են, ապա այդ հրեշածինները որտե՞ղ են»: Սա  չի նշանակում, որ  Արմեն Պողոսյանը  չի աջակցում  օրգանիկ գյուղատնտեսության զարգացմանը։  Նա պարզապես դեռ չի տեսնում աշխատանք այդ ուղղությամբ. «Այն, ինչ որ հիմա արվում է, չանելու հավասար է: Մեծ աշխատանք է, դժվար գործով էլ պիտի զբաղվի կառավարությունը»: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն  արդեն հայտարարել է՝ չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: Աղմուկից հետո ստիպված էր  պարզաբանում  տարածել նաեւ   Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որն էլ «Մոնսանտո» -ի ներկայացուցիչներին հրավիրել է համաժողովի։ «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, հիշեցնում է դեսպանատունը՝  ընդգծելով՝ ՝ կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել-չօգտվելու որոշումը կայացվելու  է ֆերմերների և ագրոբիզնեսի կողմից»:  Դավիթ Պիպոյանը այս դեպքում չի կարող չհամաձայնվել. «Արտադրող միշտ էլ կա, իսկ ով է քեզ խնդրում գնալ-առնել, ով է քեզ խնդրում երկրում թողնել ԳՄՕ ոլորտը այս վիճակում, եթե  չունես համապատասխան օրենք: Դա Մոնսանտոյի մե՞ղքն է»: Հիշեցնենք, որ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2013թ.-ից գտնվում է ԱԺ-ում, սակայն առ այսօր դրա  ընդունման հետ կապված որևէ զարգացում չի եղել: