Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորածինները արյան վարակում են ստացել մայրերից. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
MHM0117176

Շտապօգնության  որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի:  Այսպիսի մտահղացման պատճառը քաղաքացիների տեղի- անտեղի զանգերն են: Պարզվում է շտապօգնություն երբեմն կանչում են դարդ ու ցավը պատմելու համար: «Եթե հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա` սրսկումներ ստանալու, և նախընտրում է, որ դա արվի իր տանը, և ամեն օր կանչում է շտապօգնություն, ապա այս դեպքում կարելի՞ է վճարել, թե՞ ոչ: Եկեք քննարկենք: Կամ օրինակ, եթե տատիկի թոռները Մոսկվայում են և նա ուզում է ինչ-որ մեկին պատմել իր խնդիրների մասին: Հարևանները չեն գալիս, քանի որ հաճախ են լսել այդ պատմությունները, տատիկն էլ զանգահարում է շտապօգնություն: Հոգեբանական ծառայությունների համար կարելի՞ է վճարել, թե՞ ոչ: Եկեք  քննարկենք»,- նշում է նախարարը: Առողջապահության նախարարությունն  ակտիվ գործունեություն կշարունակի  նաեւ ծխելու դեմ պայքարի ծրագրում: Նախարարը վստահ է. շուտով մոդայիկ կդառնա չծխելը: «Եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել դա, սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները չծխեն: Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա: Այսօր մենք տեսնում ենք, որ սրտանոթային հիվանդություններն են գլխավորում մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների ցանկը, դրանք առողջապահությանն ուղղվող ՀՆԱ-ի մեծ մասն իրենց վրա են «քաշում» և երկրի զարգացման վրա վատ ազդեցություն թողնում: Հայաստանի տարածքում ծխելը պետք է դառնա ոչ մոդայիկ երևույթ»: Իր աշխատանքի մեկ տարին ամփոփելով՝ առողջապահության նախարարն այսօր անդրադարձավ նաեւ մասնավոր դեպքերի: 3 ամիս առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում, նույն օրը երկու նորածին ծնվել էին արյան վարակով: Արդյո՞ք խնդիրը հիվանդանոցինն է: «Հանրապետական հիվանդանոցում նույն օրը երկու նորածինների արյան վարակում ստանալու դեպքերում ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել»: Առողջապահության նախարարը վստահ է՝ արյան վարակ նորածինները ստացել են, մայրերից, քանի որ նրանք  ծանր ախտաբանություններով են տառապել: «Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը։ Երկու ծնունդն էլ վաղաժամ է եղել, այսինքն, եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում ամբուլատոր ձևով, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնել ավարտին։ Այդ իսկ պատճառով ծնունդը ինֆեկցված է եղել»։ Նշենք, որ նման պարզաբանման հետ նորածինների ծնողները համամիտ չեն: Նրանք պնդում են, որ բժիշկը  չի տեղեկացրել իրենց՝  ինֆեկցիա ունենալու մասին: Բժիշկները մի քանի օր ծնողներից  նաեւ գաղտնի են պահել  երեխաների ախտորոշումը: Երեխաների կյանքը հաջողվել է փրկել միայն մի քանի օր հետո՝ նրանց ստիբողաբար այլ հիվանդանոց տեղափոխելու արդյունքում: