«Պետական գույքը վերցնում են, ունեցվածքը՝ կոռուպցիոն ձեւով վաճառում» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը»: Այն ներկայացրեց ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, նրան հարց ուղղելով, նկատեց. «Հաճախ լսում ենք, երբ ասում են՝ պետական գույքը վաճառվել է, քանի որ պետությունը վատ կառավարիչ է, սակայն մենք տեսնում ենք նաեւ սնանկացած կառույցներ: Հետեւությունը մեկն է՝ չե՞ք կարծում, որ ճիշտ չեն ընտրվել շահագործողները, որոշում կայացնողներն էլ պետք է պատժվեն: Այդ մարդիկ փաստացի գույքը վերցրել են, ունեցվածքը կոռուպցիոն ձեւով վաճառել են ու արդյունքում այդ օբյեկտները վերացել են»: Ի պատասխան Արման Սահակյանը նշեց, որ խոսքը 3 ընկերության մասին է, որոնց սնանկացման գործընթացները չեն սկսվել մասնավորեցումից հետո: «Ձեր բերած նախագծում նշված է 11 անուն պետական կառույց, որոնց դեպքում սնանկացման գործընթաց է սկսվել: Այդ դեպքում ինչո՞ւ են այս կառույցները հայտնվել այս ցուցակում»: Արման Սահակյանի պատասխանը նույնն էր. «Բոլոր երեքի սնանկացման գործընթացները առանձին-առանձին կարող եմ ներկայացնել»: Ի հավելում այս պատասխանի՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց՝ եթե որեւէ ընկերություն 3 անգամ դրվում է մասնավորեցման ու չի լինում, ապա ավտոմատ սկսվում է սնանկացման գործընթացը. «Եղել են դեպքեր, երբ մի միլիոն պարտքի դեպքում էլ մի պարտատեր դիմել է դատարան, որ այդ կառույցը սնանկանա»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նախ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այսքան ձգվել ու միայն հիմա են այն հաստատում. «Նաեւ ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, երբ պետական գույքը սիմվոլիկ գներով է օտարվում: Մեկ էլ տեսնում ենք, որ հաջորդ օրը այն անմիջապես վարձակալվում է, իսկ մեկ տարվա վարձակալությունն էլ ավելի թանկ է, քան իր վճարած գինը: Այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե ոչ»: Արման Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ գործառույթն է հաշվետվություն հաստատելը՝ իրեն երբ հրավիրել են, եկել է. «Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա ինձ ասեք՝ ո՞ր դեպքի մասին է խոսքը: 2011թ. սկսած նման դեպք չունենք. բոլոր օտարումները ներկայացնում են շուկայական արժեք, որից հետո լինում են ներդրումներ: Կան դեպքեր, որ գրավիչ գույք չի եղել, հատկապես դա վերաբերում է մարզերին, սակայն ներդրողների համար պայմաններ ենք ստեղծել, որ ավելի գրավիչ լինի այն, գնվի, որ նաեւ այդ մարզում աշխատատեղեր լինեն»: