Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի պատգամավոր ազգականուհուն վարձով տուն է պետք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
karine

Արտաշատցի Կարինե Պողոսյանն այն 11 պատգամավորներից է, որը դիմել է խորհրդարանի ղեկավարին՝ Երեւանում իր բնակարանի վարձը փոխհատուցելու համար. «Ոչ միշտ է ինձ հարմար գնալ գալը մարզ, օգտվելով իմ իրավունքից վարձակալել եմ բնակարան»,- ասում է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը: Նախորդ խորհրդարանում ինքը դեռ կարող էր Ազգային Ժողովի նիստերին ներկայանալ մինչեւ ժամը 12-ը, նոր խորհրդարանի աշխատանքներն սկսվում են ժամը 10-ին եւ նրան հաստատ Երեւանում վարձով տուն է պետք.   «Ես հաճախ փորձեցի գնալ-գալ, բայց ուշանում էի, չի ստացվում, ուստի հարմար էր մնալ Երեւանում»,- բացատրում է պատգամավորը: Խոսքը ամսական 100 հազար դրամի վարձի մասին է, իսկ Կարինե Պողոսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, պիտի որ ունենար այնքան գումար, որ պետությունից փող չուզեր բնակարան վարձելու համար. «Եթե բիզնեսներ չունեմ, աշխատավարձով ապրող մարդիկ ինչպե՞ս կարող են ունենալ այդ հնարավորությունը»: Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ներկայացնում է Արմավիրի մարզը: Նրան էլ է Երեւանում բնակարան պետք, պետական փողերով բնակարան վարձել փորձող այս մարդը չի ուզում ասել, թե ինչու է դա իրեն պետք. «Որ անջատեք՝ կասեմ: -Բայց մենք լրագրող ենք, առանց այս աշխատանքային գործիքի չենք կարող: -Դիմեք իմ օգնականին՝ ինքը ձեզ կասի»,- խուսափողական պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը: Օգնականը պակաս սիրալիր էր: Ինքը տրամադրված չէր խոսել Ազգային Ժողովի ամբիոնից «Ազդարարի ինստիտուտը» գործ տալու հետ խառնած իր ղեկավարին վերաբերող հարցերին. -Ես ձեզ հարց ունեմ՝ դու՞ք եք պարոն Կարապետյանի օգնականը: -Որ մեկ վայրկյան խնդրեմ՝ դուռը կփակե՞ք: -Այսինքն, դուք ինձ դուրս եք շպրտում: -Ես ձեզ դուրս չեմ շպրտում, ես ձեզ դուրս եմ հրավիրում եւ խնդրում եմ դուռը փակել: Գյումրեցի Վարդան Ղուկասյանն անձամբ հրավիրեց իր աշխատասենյակ ասելու համար, որ իրեն ոչ մի բնակարան էլ պետք չէ Երեւանում, իսկ լրագրողներն ուզում են վարկաբեկել իրեն.  « Ուզում ես իմանալ՝ ես հարուստ եմ, թե՝ ոչ, հա՞»,- ակնարկում է «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը: Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, որ ամեն օր երեք ժամ ճանապարհ է կտրում Գյումրիից Երեւան գալու եւ վերադառնալու համար: Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանը 11 պատգամավորից միակն էր, որը հրաժարվել է Երեւանում վարձով բնակվելու մտքից եւ դիմում է ներկայացրել խորհրդարանի ղեկավարին: