Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողի նկատմամբ բռնությունը

Հասարակություն
C_0nVdCW0AAVWoS.jpg-large

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ.   Հայտարարություն   Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։ Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. - ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, -ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։  Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍ ԻՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ