Սերգեյ Մովսեսյանը՝ Մագնուս Կառլսենին հետապնդողների մեջ
Մեն կղզում անցկացվող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը ընթացիկ խաղում հաղթեց չինացի Ջեֆրի Քսիոնգին, վաստակեց 3 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանից ետ չեն մնում նաեւ ուկրաինացի Պավել Էլյանովը, ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովը եւ ամերիկացի Ալեքսանդր Լինդերմանը, որոնք նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունեն: Այսօր աշխարհի չեմպիոնի ուժն իր վրա կզգա Ուզբեկստանի ուժեղագույն շախմատիստը: Մրցաշարին մասնակցող մեր շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսեսյանը, որը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ այժմ գտնվում է 4 առաջատարներին հետապնդող 19 շախմատիստների շարքում: Գաբրիել Սարգսյանը երկու ոչ-ոքիներից հետո կորցրեց մեկնարկային թափը եւ ներկայումս 2 միավորով բաժանում է 24-66-րդ տեղերը: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նույնպիսի արդյունք ունի, իսկ ահա ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակցի Վարուժան Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր: