Թուրքիան հրաժարվել է ՀՀ-Վրաստան-Թուրքիա ծրագրից
Ընդամենը 10 հազար լարի պետական դրամաշնորհով մեկ տարվա ընթացքում ջավախահայ Թանգանուշ Գոգորյանը կարողացել է հիմնել թխվածքի արտադրամաս եւ գոհ է իր շահույթից: «Մենք հիմա յուրացնում ենք Ախալքալաքի շրջանում, բայց հույս ունենք, որ ավելի կմեծացնենք մեր արտադրանքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արփի» ընկերության համասեփականատեր Թանգանուշ Գոգորյանը: Հայկական պատվիրակությունը՝ Բնապահպանության նախարարի գլխավորությամբ Ախալքալաքում մասնակցեց Հարավային Կովկասում տարածաշրջանային ծրագրի գրասենյակի բացմանը եւ նույնպես համտեսեց ջավախահայ գործարարի արտադրանքը: «Ընտիր է՝ հայի ձեռքով սարքած ամեն ինչն էլ համով է»,- տիկին Թանգանուշի հացն ու թխվածքեղենը համտեսելուց հետո ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Ինձ թվում է՝ նա հացն էր հավանել՝ հացը մենք պատրաստում ենք քարի փռում, եւ այն առանձնանում է նրանով, որ ավելորդ բաղադրիչներ նրա մեջ չկան, այսինքն՝ մենք պատրաստում ենք թթու խմորով»,- կարծիք հայտնեց Թանգանուշ Գոգորյանը: Թեեւ հայկական պատվիրակությունը հիացած էր Թանգանուշ Գոգորյանի թխվածքներով, նա դեռ շահագրգռված չէ իր արտադրանքն արտահանել ՀՀ՝ ավելի շահութաբեր է վրացական շուկան: «Կարեւորն այս հնարավորությունը ճիշտ օգտագործեն՝ այնպիսի բարիքների ստեղծվեն, որ մի կողմից մարդկանց համար օգտակար կլինեն, մյուս կողմից չեն սպառնա մեր էկոհամակարգերին: Ժամանակն է, որ մենք անցում կատարենք էկոլոգիական արտադրության գաղափարին, այլ ոչ թե ամեն ինչ սպառենք, գերշահագործենք, թե ինչ է՝ ընթացիկ սպառումը բավարարենք»,- վստահեցնում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը կարեւորում է տարածաշրջանում անդրսահմանային համագործակցության կենտրոնների բացումը՝ Արփի լիճ եւ Ջավախեթի ազգային պարկերի ստեղծումը. «Մեր գլխավոր խնդիրը ոչ միայն կարողանալ միասնական տարածաշրջանային կենսաբազմազանության պահպանման մոտեցումները կիրառել, այլեւ ստեղծել իրական պայմաններ, որպեսզի երկու կողմից էլ արագ ներգրավվեն բնապահպանական ծրագրերում՝ նպաստելով համայնքների բնակչության կենսամակարդակի աճին»: Այս ծրագիրը մեկնարկել էր դեռ 2009թ., սակայն բացումը տեղի ունեցավ միայն այս տարի: Ծրագրով նախատեսված էր, որ Թուրքիան եւս պետք է միանար բնապահպանական այս նախաձեռնությանը, սակայն հրաժարվել է՝ առանց պատճառաբանության: «Իրենց տեսակետից սա չի համարվում առաջնահերթություն այդ տարածաշրջանի համար՝ բնապահպանական տեսակետից, ի տարբերություն մեր եւ վրացական կողմի, որոնք մեր միջազգային գործընկերների եւ գերմանական աջակցության հիմնադրամի հետ միասին, համարում ենք, որ կենսաբազմազանության պահպանումը այս տարածաշրջանում չափազանց կարեւոր է»,- ընդգծում է Արծվիկ Մինասյանը: Անդրսահմանային համագործակցությունն ազդարարվեց նաեւ երկու երկրների հեծանվորդների երթուղով եւ վրացական Մադաթափա լճի մոտ թռչնադիտարկմամբ: