«Պետությունը վետերաններին տալիս է դեղեր, որոնք ոչ ոքի պետք չեն». Միքայել Ստեփանյան
Հայաստանի Հանրապետության Վետերանների միության անդամների թիվը գնալով նվազում է: Բայց թվի նվազման հետ պետությունը չի կարողանում հոգալ նրանց խնդիրներն ու կարիքները: Այդ մասին «Ա 1 +»-ի հետ զրույցում ասաց Վետերանների միության փոխնախագահ, նախկին գնդապետ Միքայել Ստեփանյանը: «Պատերազմն ավարտվել է 1945 թվականին և մեր միության անդամների տարիքը հիմա անցնում է 90-ը:Ամեն տարի մեր շարքերը նոսրանում են: Պատկերացնում եք, որ մենք եղել ենք 300 հազար, իսկ հիմա մնացել է ընդամենը 600 վետերան, բայց այդ թվի նվազումը չի խանգարում, որ մենք դաստիարակենք երիտասարդ սերնդին:Մենք աշխատում ենք ռազմահայրենասիրական դաստիարակություն տալ մեր երիտասարդ սերնդին, անցկացնում ենք արիության դասեր, միջոցառումներ, որոնց ժամանակ էլ զրուցում ենք երիտասարդների հետ»: Միության փոխնախագահը ընդգծեց, որ վետերանների համար հիմա ամենակարևորը ֆինանսական խնդիրն է. «Մինչև 2015 թվականը վետերաններն ամսական ստանում էին 25 հազար դրամ պատվովճար, սակայն արդեն երկու տարի է, ինչ այդ պատվովճարի թիվը հասել է 50 հազար դրամի: Դա բավականաչափ կրճատել է մեր ֆինանսական խնդիրները, սակայն անկախ ամեն ինչից, մենք ունենք լուրջ խնդիրներ: Արդեն 4 տարի է, որ մոտ 50 վետերաններ ուղևորվում են առողջարաններ, որն արվում է պետության միջոցներով: Ես չեմ ցանկանում Հայաստանի Հանրապետությունը համեմատել այլ հարուստ պետությունների հետ, որոնք նույնպես ունեն վետերանների միություն, սակայն ունենալով այդ պետությունների շարքում բավական մեծ ռազմական դեր, պետք է պետությունը ամբողջովին հոգա իր երկրի վետերանների կարիքները: Ցավալի է, որ մեր շարքերը կրճատվում են, բայց սպասում ենք, որ կառավարությունը այդ գումարի չափը մի փոքր էլ կմեծացնի»: Մ. Ստեփանյանն անդրադարձավ նաև բժշկական պետպատվերին՝ ընդգծելով, որ այն գրեթե չի հասնում վետերաններին այնքան ժամանակ, մինչև որևէ պաշտոնատար անձ չի խառնվում հարցին. «Բժշկական պետպատվերի հետ մեկտեղ վետերաններին անվճար հասնում է նաև դեղամիջոց, բայց մեզ տալիս են այնպիսի դեղեր, որոնք ոչ ոքի պետք չեն, կամ կոպեկներ արժեն, իսկ այն դեղերը, որոնք մեզ պետք են՝ չկան:Կան վետերաններ, որոնք ունեն առողջական խնդիրներ, բայց երբ դիմում են բժշկական պետպատվերի համար, ստանում են բացասական պատասխան, իսկ հիմնական պատճառաբանությունն այն է, որ պետպատվերի ժամկետը լրացել է:Առանց այդ էլ քիչ ենք մնացել, բայց կարելի է այդ 600 մարդկանց ապահովել գոնե դեղերով ու բժշկական օգնությամբ»: Միքայել Ստեփանյանը հույս ունի, որ պետությունը ավելի մեծ ուշադրություն կդարձնի ոչ միայն իրենց, այլև Արցախյան պատերազմի մարտիկներին, որոնք շուտով դառնալու են վետերաններ. «Տարիներ հետո մեզ փոխարինելու են Արցախյան ազատամարտի մարտիկներն ու ապրիլյան պատերազմի երիտասարդ մասնակիցները: Ես ցանկանում եմ, որ պետությունը նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնի: Այն բացթողումներն ու թերությունները, որոնք կապված են մեր միության հետ, չեմ ցանկանում, որ կրկնվի նրանց հետ: Տարիներ հետո նրանք են դաստիարակելու իրենց հաջորդող սերնդին այնպես, ինչպես մենք: Բայց ամենակարևորը խաղաղությունն է, որն էլ բոլորս ենք ցանկանում, որ լինի»: