Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանա եվրոպական ֆուտբոլի «Էլ Կլասիկոն»

Սպորտ
a1ispania-italia

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում այսօր տեղի կունենա ֆուտբոլի ամենասկզբունքային հակամարտություններից մեկը: Իսպանիայի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կհյուրընկալի Իտալիայի ազգային թիմին: Իսպանացիների կիսապաշտպան Անդրեաս Ինյեստան խաղից առաջ նշել է, որ Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումներն իրենց դիտարժանությամբ հիշեցնում են «Ռեալ» - «Բարսելոնա» հանրահայտ «Էլ Կլասիկոյին»: Ըստ նրա, դա կապված է այն բանի հետ, որ երկու թիմերն էլ միշտ բարձր նպատակներ են հետապնդում եւ բոլոր մրցաշարերում միշտ ֆավորիտի դեր են կատարում:    Եվրոպական գոտու ընտրական 7-րդ խմբում կայացած վեց տուրից հետո հակամարտող կողմերը վաստակել են  16-ական միավոր եւ այժմ բաժանում են 1-ին տեղը: Երկու թիմերն էլ հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին, եւ միայն իրար հետ խաղում չեն կարողացել պարզել ուժեղագույնին: Իսպանիայի հավաքականը նժարն իր կողմը թեքելու լավ հնարավորություն ունի, քանի որ հանդես է գալիս իր հարկի տակ: Նույնպիսի կարծիք ունեն նաեւ բուքմեյքերական գրասենյակները, որոնք հավատում են իսպանացիների հաղթանակին (1,73 գործակից՝ իտալացիների 5,30-ի դիմաց): Տանտերերի օգտին է խոսում նաեւ թիմերի վիճակագրությունը: Մասնավորապես, Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում պարտություն չի կրել սկսած 1993 թվականից: Բացի այդ, իտալացիները վերջին անգամ Իսպանիայում հաջողության հասել են 69 տարի առաջ՝ 1948 թվականին: Արդյո՞ք Իտալիային կհաջողվի խախտել այդ ավանդույթը, թե Իսպանիան հերթական անգամ կապացուցի սեփական պատերի ամրությունը, պարզ կդառնա այսօր կայանալիք խաղից հետո: Եվրոպական ֆուտբոլի «Էլ Կլասիկոն» կսկսվի ժամը 22:45-ին: