Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄԲՅԱՆՆԵՐԻՑ ԽԼՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մարզեր

Վտարման ալիքն հասել է գյումրեցի Դրամբյանների տոհմի ժառանգներին: Այսօր Գյումրիի Քաղաքապետարանի անօրինական շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանը պահանջում էր, որ զբաղեցրած Ալեքսանդրովսկի 26 շենքն ազատի տոհմի ժառանգ Իրինա Աբաջյանը:

Վերջինս սակայն պնդում է, թե Գյումրիում նրանց է պատկանել Ալեքսանդրովսկի 26 շենքը, որ բաղկացած է եղել 23 սենյակներից: 1923 թվականին շինությունը սեփականության բռնագրավման իրավունքով նրանցից վերցրել եւ հանձնել է տեղական ինքնակառավարման տնօրինությանը:

Այս մասին նորագույն պատմության կենտրոնական արխիվում փաստաթղթեր են պահպանվել,-պնդում է Իրինա Աբաջյանը: Խորհրդային կարգերի փլուզումից հետո , 1994 թվականին դատարանի կայացրած վճռով կառույցը, որ մինչեւ վերջին տարիները դատարանի շենք էր ծառայել, սեփականության իրավունքով ու հավասար բաժնեմասերով վերադարձվել էր տոհմի ժառանգորդներ Հասմիկ եւ Լիանա Դրամբյաններին: Նրանք հանդիսանում են Իրինա Աբաջյանի մայրն ու մորաքույրը:

Այդ ժամանակ էլ ժառանգորդների առջեւ շենքի դռները փակվել են՝ պատճառաբանությամբ, թե այստեղ դատական նիստերի անցկացմանը զուգահեռ հարմար չէ մասնավոր անձանց բնակություն հաստատել:

ՇՄ առաջին ատյանի դատարանն արդեն գործում է այլ վայրում: Քաղաքապետարանի համապատասխան բաժինն էլ որոշել է ոչ թե շենքն հատկացնել օրինական տիրոջը, այլ հենց նրան վտարել տարածքից: Սեփականատեր հանդիսացող Իրինա Աբաջյանը պնդում է, որ սեփականատեր ունեցող շինության նկատմամբ կատարվածը ոտնձգություն է: Ավելին, քաղաքապետարանը իրավունք չուներ, որպես համայնքային սեփականություն, 2006 թվականի հոկտեմբերին աճուրդի հանել այս շենքը:

Արմենուհի Մինասյան