Բագրատ Ասատրյան. «Սերժը պետք է փոխվի» (տեսանյութ)
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությունից տպավորված չէ. «Եկավ, թարմ դեպք էր, մոտեցումները եւ այլն, այո հմայիչ էր։ Գործնականում առայժմ ոչ մի էական լուրջ բան չի արել, ըստ էության, եւ դա ես ամենասարսափելին եմ համարում, ինքը իր քայլերով իր գործողություններով հայտարարեց, որ էս համակարգի ընդամենը սպասարկողն է»: Պարոն Ասատրյանը նախ չի հասկանում, թե վարչապետն ինչու՞ մասնակցեց խորհրդարանի ընտրությունների քարոզարշավին, ինքը պիտի գլխի ընկներ, որ դրանից հետո հուահատություն է լինելու հասարակության մեջ. «Լավ, դու չե՞ս հասկանում, որ խուժանն է որոշում ընտրությունների արդյունքը, որը քաղաքական համակարգի թույլտվությամբ փող պետք է բաժանվի: Գոնե ձեռնպահ մնայիր): Տնտեսագետը, սակայն, հուսահատված չէ, բայց նախ պետք է քաղաքական համակարգը փոխվի: Գործող համակարգով Հայաստանը գնալու տեղ չունի. «Պիտի փոխվի: Եթե էս քաղաքական համակարգը տանում է քայքայման... Տեսեք, Սերժ Սարգսյանի իշխանությունը բերել է 388 հազար 900 մարդու արտագաղթի, պետք է փոխվի: Սերժը պետք է փոխվի»: Ավելի վատ է լինելու,-զգուշացնում է տնտեսագետը: Պետք է ստեղծել քաղաքական առողջ մրցակցային դաշտ, որտեղ թաղի խուժանները տեղ չունենան: Նա նկատում է, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո քաղաքական միտք կրող բոլոր ուժերը խորհրդարանից դուրս մնացին: Նրան համոզիչ չի թվում Հանրապետականի հավաստիացումը, որ առանց իրեն Ղարաբաղի հարց չի լուծվի. «Նրանք երբեք Ղարաբաղի խնդիր լուծող չեն: Երբեք: Կամ ի՞նչ լուծում են առաջարկել, 20 տարի իշխանության մեջ են: Էս ուժի խղճի վրա են թե զոհերը եւ թե տարածքային կորուստները»: Հանրապետականի գլխավոր մեղքն այն է, որ տարածքային նվաճումներ արձանագրած հայն այսօր արդեն չունի 90-ականների վստահությունը: Ապրիլյան քառօրյա իրադարձություններն այլ բան ցույց տվեցին։ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, նախ թող պատասխանի այն հարցին, թե ինչպես 20 տարում հասանք այն օրվան, որ աշխարհը հայերից արդեն պահանջում է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 տարածքները: Խաղաղությունն, իհարկե, այլընտրանք չունի, բայց դա Սերժ Սարգսյանի ձեռքով չի լինի, այլ քաղաքական թիմ ունեցող մեկի. «Եվ քաղաքական լինի, ոչ թե, ասենք, կներեք, էս բանի հավաքածուն պառլամենտում, որոնք չեն հասկանում որտեղ են գտնվում, ինչ են»: