Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապուտիկյանի ամենամեծ վրիպումը Սախարովի դեմ գրված սարսափելի հոդվածն էր. գրականագետ

Հասարակություն
silva-kaputikyan

Այսօր հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի մահվան օրն է: Նա մահացել է 2006թ. օգոստոսի 25-ին: Կապուտիկյանի գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ «Ա 1 +»-ի հետ զրույցում  Գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժնի վարիչ Սուրեն Դանիելյանն հիշում է  Սիլվա Կապուտիկյանին՝ որպես ուժեղ անհատականություն ու մտավորական: «Կապուտիկյանը ուներ հզոր անհատականություն, որն էլ արտահայտեց իր պոեզիայում: 1950-60-ական թվականներին մեր պոեզիայում արտահայտվում էր անհատի ընդվզումը, և այդ պոեզիայի ակունքներում բանաստեղծուհին կարողացավ հաստատել իր եսը: Կարելի է ասել, որ այդ թվականներին ու դրանից հետո էլ ակնհայտ էր Սևակի ազդեցությունը, սակայն Կապուտիկյանը կարողացավ իր հզոր անհատականությունը արտացոլել իր պոեզիայում և այդկերպ իր ուրույն տեղն ունեցավ Սևակի, Համո Սահյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և այլոց կողքին»: Գրականագետը խոսեց Կապուտիկյանի մարդ տեսակի մասին, նշեց նրա հասարակական հաջողություններն ու կյանքի միակ վրիպումը. «Բանաստեղծուհին նվիրված էր մեր ժողովրդին ու ապրում էր իր հայրենիքի ճակատագրով:  Կարելի է ասել նաև, որ իր ճակատագիրը հյուսեց հայրենիքի ճակատագրի հետ: Նա վարում էր ակտիվ մշակութային կյանք, բայց դրա հետ մեկտեղ ապրում էր նաև իր օրերով:Նա լավ էր հասկանում իր ժողովրդի երեկն ու այսօրը և պաշտպանում էր մեր ժողովրդի իրավունքները: Մեծ էր նաև նրա գործունեությունը Արցախյան շարժման հարցում: Կապուտիկյանի ամենամեծ վրիպումը 1958 թվականին Սախարովի դեմ գրված հոդվածն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց ու ժամանակին ամենաքննարկվող թեմաներից մեկն էր: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ամբողջ Խորհրդային երկիրը սկսեց արշավանք Սախարովի դեմ և նա էլ գրեց այդ սարսափելի հոդվածը: Սակայն անկախ ամեն ինչից Կապուտիկյանը իսկական մտավորական էր, հարուստ մարդ, ով իր ժամանակից առաջ անցավ ու տեսավ այսօրվա օրը»: