Ով գիտի՝ որտեղ է Տորբուխինի փողոցը Երևանում (տեսանյութ)
«Յուրաքանչյուր հեղափոխություն նախ սկսվում է փողոցների ազգայնացումից: 1918 թվականին՝ առաջին հանրապետության ժամանակ, սկսեցին փողոցներն ազգայնացնել, բոլշևիկները եկան, փոխեցին, հետո՝ 1991-ին եկան նոր իշխանությունները, նրանք էլ իրենց հերթին փոխեցին փողոցների անունները» ,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության այն նախաձեռնությանը, համաձայն որի՝ Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանվանվեն։ Գրականագետը դեմ չէ նախաձեռնությանը։ Օրինակ է բերում. ով գիտի՝ որտեղ է Տորբուխինի փողոցը Երևանում։ «Այդ մարդը ԽՍՀՄ մարշալ է եղել, մերոնք փողոցն անվանակոչել են նրա անունով, այսօր էլ շարունակում է էդպես մնալ։ Բայց Տորբուխինը բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ, երկիր էր, միասնություն, անցավ, այդ անունը պետք է փոխվի», - կարծում է Դավիթ Գասպարյանը։ https://youtu.be/Bg3PP-622iA Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծում է, թե «Ելք» խմբակցության այս նախաձեռնությունը հակառուսական է, կարող է ճեղք առաջացնել երկու ազգերի միջև։ Բացի այդ՝ ըստ նրա փողոցների անունները հիշողություն են. պատմությունն ինքը կմաքրի։ Գրականագետ Դավիթ Գասպարյանը ևս կարևորում է հիշողությունը, բայց նաև ընդգծում է՝ պատահական անունները շատ են, պետք է մաքրվեն, պետք է պահել ազգային գենետիկ կոդը սերունդներին փոխանցող հիշողությունը։ Զգուշացնում ՝ չարժե այս հարցում շտապողականություն ցուցաբերել. «Մենք ունենք տեղանունների, փողոցների անվանակոչման հանձնաժողով։ Այդ ամենը պետք է անցնի այս հանձնաժողովի ձեռամբ։ Պետք է ազգայնացնել, մաքրագործել, բայց ծայրահեղ բաներ չանել, ինքնուս, տնայնագործական բաներ չանել։ Չափանիշը պետք է լինի հետևյալը՝ գնահատել, թե ով ինչ ծառայություն է մատուցել ազգին և ոչ թե հաշվի առնել կուսակցականությունը. Մյասնիկյանի, Խանջյանի նման տղաները Հայաստան են ստեղծել»։ Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ կան փողոցների անուններ, որոնց փոփոխությանն ինքը դեմ չէ. «Օրինակ Լենինգրադյան փողոցը միգուցե արժե Մոսկվայում կամ Պետերբուրգում պահպանել, բայց Հայաստանում՝ չեմ կարծում։ Փողոցն արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելը ողջունում եմ։ Կան անհատներ, որոնք գործով փաստել են, որ ժամանակի քննության կարիքը չունեն։ Ազգալդյանի մահվանից անցել է տասնամյակից ավելի, նույնիսկ ուշացրել ենք։ Կան մարդիկ, որոնց շնորհիվ է, որ մենք այսօր կանք, փողոցն ինչ է, որ չկոչենք նրանց անունով»։ Ավելին՝ տեսանյութով