Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյունաբերական ջարդոնը՝ արվեստի գործ

Հասարակություն
karap

ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ` ս.թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը, Երևանի Կարապի լճում ներկայացվելու է ժամանակակից քանդակագործ` Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը: Ցուցահանդես-նախագիծը համադրելու համար ԱՐՏ PR ընկերությունը հրավիրել է արվեստաբան Արա Հայթայանին. «Կարապի լիճը այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսը այն հարթակն է, ուր ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների: Ցուցահանդեսի նախաձեռնողները լիահույս են, որ Կարապի լիճը որպես քանդակի մատուցման վայր վերածելու իրենց քայլը կընկալվի որպես Կարապի լճի չօգտագործված ներուժը բացահայտող նախաձեռնություն: Սա մի առիթ է նաև բացահայտելու մերօրյա արվեստում մաքառող անհատականություններին և իր ձևի մեջ առաջին փորձն ու նախադեպը լինելով՝ այն ապագայում կարող է դառնալ արվեստ ներկայացնելու ավանդական միջոց»: Ցուցադրությանը ներկայացված են 20-ից ավելի քանդակներ, որոնց մի մասն արդեն տեղադրված է լճում, իսկ մյուսները պատրաստ կլինեն օգոստոսի 15-ին , նույն օրը` ժամը 19:00-ին տեղի կունենա բացման պաշտոնական արարողությունը: