Դաբաղի դեպքեր կան. ՍԱՊԾ-ն հերքում է, համայնքապետը՝ հաստատում (տեսանյութ)
Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում դաբաղի դեպքեր են արձանագրվել։ Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանն «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացնում է իրավիճակը. «Բուժման միջոցառումներ են արվել, ինչից հետո անասունի մի մասը լավացել է, մի մասն էլ դժվար է տանում այդ հիվանդությունը, այդպիսի պահեր են»: Դեբեդի համայնքապետի խոսքով՝ իրենց գյուղում 900-ից ավել անասնագլխաքանակի 60-70 տոկոսը վարակվել է դաբաղով։ Դսեղում իրավիճակն ավելի բարվոք է. «1400-1500 գլուխ ապրանք ունենք, որոնցից մի 5-6 տուն է, որտեղ կա դաբաղ»։ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր հայտնել է, որ որեւէ ահազանգ չեն ստացել դաբաղի վերաբերյալ։ Բացի այդ, կենդանիների հիվանդություններն ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիայում դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի արձանագրվել։ Հակառակ սրա՝ Դսեղի համայնքապետը վստահեցնում է՝ ոչ միայն ահազանգել են, այլեւ արդեն կա արձագանք. «Այս պահին էլ փոխնախարարի գլխավորությամբ հանձնախումբը սարերում է»,- ասաց համայնքապետը: Տարվա այս շրջանում կենդանիները գտնվում են սարերում։ Այնտեղ էլ հովիվներն արձանագրել են հիվանդության նշանները. «Ուտելու անկում է նկատվում, քայլելու անկում է նկատվում, լեզուն է վնասվում»։ Որքան էլ համապատասխան կառույցներից արձագանք կա, գյուղացիներն անհանգստացած են՝ պատկերացնում են դաբաղի վնասները։ Դաբաղը, որը երկսմբակավոր կենդանիների սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է, վերջնականապես կախտորոշվի լաբորատոր փորձաքննությամբ։ Հիշեցնենք, որ մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ նրանց խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաղիքային ուղիների խանգարումներ։