Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են կուսակցությունները քվեարկել թուրքական վերջնագրին. «Սիվիլնեթ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Khatisyan-696x548

1918-ի Մայիս 28-ը այն օրն է, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը՝ բազմակուսակցական մի մարմին, քվեարկությամբ որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը և Բաթում ուղարկել պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից: Թուրքական վերջնագիրը կազմված էր երկու հիմնական կետից` Հայաստանը հռչակել անկախ և բանակցությունների նպատակով պատվիրակություն ուղարկել Բաթում: Հայկական քաղաքական ուժերը լսել անգամ չէին ուզում անկախության մասին, քանի որ, նախ՝ դա պարտադրում էին թուրքերը, և երկրորդ՝ վախ կար, որ Հայոց ցեղասպանությունը կշարունակվի, այս անգամ՝ Ռուսական Հայաստանում: Իսկ թուրքերը Հայաստանի և Անդրկովկասի անկախությունն էին ուզում, որպեսզի այդ տարածքը պոկվի Ռուսաստանից և դառնա իրենց ու ռուսների միջև բուֆերային գոտի: Մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին: ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը: Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը: Ապա տեղի ունեցավ քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը հայ քաղաքական-հասարակական կյանքի գերագույն մարմինն էր: 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը: Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես. ՀՅԴ՝ 6 կողմ, Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ, Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ, Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ, Անկուսակցականներ՝ 2 դեմ: Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և ժողովրդական Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու: Հայաստանի անկախության տեքստը՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ընդունվեց 1918-ի մայիսի 30-ին:  Մանրամասներն այստեղ Լուսանկարում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919թ: Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան: