Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեկումնային 7 փոփոխություն՝ ՀՀ զարգացման համար (տեսանյութ)

Տնտեսություն
nnn

ՀՀ տեխնոլոգիական զարգացման տեսլականը բարդ խնդիրների, ստեղծագործ լուծումների կենտրոն դառնալն է: «Նախ՝ մենք սա եղել ենք. Խորհրդային միության ժամանակ Հայաստանը հենց այս դիրքավորումն ուներ՝ բարդագույն խնդիրներն այստեղ էին գալիս: Նաեւ՝ ձեւավորվող տեխնոլոգիաները սրա վկայությունն են:  Տեսլականը պետք է լինի մոտիվացնող, կոնսոլիդացնող, սակայն դրանք պետք է լինեն իրագործելի կամ չպետք է լինեն երազանք»,- «Հայաստանի ազգային մրցունակության» 2017թ. զեկույցի շնորհանդեսին հայտարարեց հեղինակներից «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:   Զեկույցում վերլուծվել է ՀՀ տնտեսական կատարողականը՝ 15 տարվա ընթացքում եւ եկել այն եզրահանգման, որ բեկումնային տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը մեր տնտեսության վրա տարեկան կարող է հասնել 220 մլն դոլարի: Ըստ զեկույցի՝ աշխարհում մեծ թափ ստացած 4-րդ արդյունաբերական հեղափոխության համար, որը կարող է ՀՀ-ն դուրս բերել զարգացման նոր փուլ, անհրաժեշտ է բեկումնային 7 փոփոխություն: «Այդ փոփոխություններն են՝ արհեստական բանականություն, ամպային տեխնոլոգիաներ, համացանցը, ռոբոտիկան, բլոգ շղթան, եռաչափ տպագրությունը, հաջորդ սերնդի գենոմիկան: Դրանք ոչ գծային զարգացման հնարավորություններ են բացվում»,- ընդգծեց Մանուկ Հերգնյանը: Մարդկային ռեսուրսն այսօր գնում է ոչ թե դեպի գիտություն, այլ դեպի արտադրություն, սակայն ըստ զեկույցի՝ մեր գիտությունը բոլորովին էլ ծերացող չէ, իսկ առաջատար ճյուղերն են ֆիզիկան եւ աստղագիտությունը: «Մենք, իհարկե, ծերացման միտում տեսնում ենք, սակայն հետաքրքիր մի բան ենք նկատում՝ ամենացածր ներգրավվածությունը գիտության մեջ 40-54 տարեկանն է: Մենք ունենք երիտասարդներ, որոնք սկսում են գնալ դեպի գիտություն: Սա ամենակարեւոր տենդենցներից է, որ մենք պետք է կապիտալիզացնել»,- նկատում է Մանուկ Հերգնյանը: Ձեռներեցության ու գործարարության խթանման համար անհրաժեշտ են արժեքային որոշակի համակարգեր: Հասարակական հարցումը ցույց է տվել, որ մենք հակված ենք գնալ ռիսկի, սակայն մյուս հատկանիշներով ցածր  ցուցանիշներ ունենք. «Ամենացածր ցուցանիշները ունենք փոխադարձ վստահության տեսանկյունից՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներն ունենք՝ մարդիկ իրար չեն վստահում: Սա կրիտիկական կարեւորություն ունի ընդհանրապես ձեռներեցության համար: Արդարության ընկալումը, ձախողման հանդեպ հանդուրժողականությունը եւս կարեւոր բաներ են»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում հայտարարեց, որ այս զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ. «Իրականում  կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք»:    Զեկույցի հեղինակների վստահեցմամբ՝ եթե առաջնորդվենք զեկույցում ներկայացված ուղենիշներով, ապա կարող ենք ապահովել ՀՆԱ-ի՝ տարեկան  3-3,5 տոկոս աճ: