«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ոչինչ պետք չէ ակնկալել» (տեսանյութ)
Ադրբեջանը Արցախում գործում է «Իսլամական պետության» տրամաբանությամբ. «Մահացած երեխայի նկարը տալ մոր ձեռքը և փորձել որոշակի դիվիդենտներ հավաքել՝ դրա ապացույցն է», -ասում է ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նա ոչ պատահական է համարում հանգամանքը, որ Ադրբեջանը կրակակետեր է տեղադրում բնակելի տարածքներում. «Միտումնավոր են գյուղի տարածքից կրակում, որ մենք պատասխան կրակ տանք, զոհեր լինեն և միջազգային աղմուկ բարձրացնեն»։ Նման լարված դեպքերում ադրբեջանական սոցիալական ցանցերում փորձ է արվում հանրային կարծիքը կառավարել, ուղղորդել. «Երեխային շահիդի պատվանուն տալը լռեցնում է այլընտրանքային խոսքը, ոչ ոք չի կարող գալ և այլ բան ասել։ Սկսեցին դիմել կեղծ լուրերի, Սեյրան Օհանյանի էջ բացվեց, ասացին, թե հայկական կողմը զոհեր ունի, բայց չի ասվում։ Ժխորն անցավ, մնաց ոչինչը, Ադրբեջանի ժողովրդին կմնա մեկ շահիդ և հուսախաբություն, որ ոչ մի պատասխան չտրվեց»,-նշում է փորձագետ Էդգար Էլբակյանը։ Այսօր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում է լինելու։ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ որևէ արդյունք պետք չէ ակնկալել, քանի դեռ չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ադրբեջանը շահագրգիռ չէ դրա կատարման հարցում, այդ դեպքում կպարզվեր, որ Արխանլուից իրենք են առաջինը կրակել։