Ծիրանի այգի՝ ցիանական հարթակի մոտ. «Լիդիան Արմենիա»-ի պատասխանը (տեսանյութ)
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում բնության աղտոտումը նվազագույն աստիճանի վրա է լինելու։ Հանքարդյունաբերող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հավաստիացնում է՝ ծանր ու թունավոր նյութերի ազդեցությունը չեզոքացնելու, քաղցկեղածին երևույթներ թույլ չտալու համար ունի բոլոր գործիքները։ «Ռիսկերը ժամանակին բացահայտվել են։ Ծախսել ենք 6 միլիոն դոլար՝ այն աշխատանքներին ուղղված, որոնք միտված են նախագծել նվազեցման միջոցառումները, որոնք մնացորդային ազդեցություն կոչվածը կամ ամբողջությամբ վերացնում են, կամ բերում են ընդունելի սահմանների»,- «Ա1+»-ին ասում է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Սեփանյանը։ Հանքերի ցիանիդային եղանակով շահագործումը Հայաստանում արգելված չէ, բայց բնապահպաններն այն թունավոր են համարում։ Ըստ նրանց՝ Ամուլսարին մոտ գտնվող Սարավանդ, Կեչուտ, Գնդեվազ և Գորայք գյուղերն այլևս առողջ պտուղ չեն արտադրելու։ Այս թեզը հերքելու համար «Լիդիան Արմենիա»-ն ծիրանի այգի է հիմնում։ «Ցիանական հարթակի հարևանությամբ արտադրել ծիրան և ցույց տալ, որ նման վտանգներ ճիշտ կառավարման դեպքում պարզապես չկան»,- ասում է պարոն Ստեփանյանը։ Հիմնական մտահոգությունը կապված է Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ։ Ըստ բնապահպանների՝ ոչ մեծ խտության ծծմբական թթուն հանքից ներծծվելու է գրունտային ջրերի մեջ և ստորերկրյա ջրերով կարող է հասնել Ջերմուկ՝ թունավորելով ջուրը։ Արմեն Ստեփանյանը նշում է. «Գոյություն ունի կառավարման հատուկ մեխանիզմ, հատուկ պլան, որին հետևելով մենք վստահ ենք, որ էդ ամբողջ գործընթացը կառավարելի է։ Մինչև Ջերմուկի ջրերին հասնելն ու աղտոտելը, նախ Ամուլսարի ստորգետնյա ջրերը կաղտոտվի։ Առաջին հերթին մենք հետաքրքրված ենք Ամուլսարում ստորգետնյա ջրերը կառավարելու, այսինքն՝ կառավարելով Ամուլսարի ստորերկրյա ջրերը և նվազեցնելով նրանց վրա ռիսկը, ամբողջությամբ կառավարվում է Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցությունը»։ Կառավարվելու է նաև բացահանքերում առաջացած թթվաջրերի հոսքը։ Դրանք բնության մեջ բաց չեն թողնվի, այլ կմշակվեն՝ օգտագործվելով հանքարդյունահանման գործընթացի մեջ. «Դրանքով մենք պակասեցնում ենք մեր ջրառի պահանջը ջրային այլ համակարգերից»։ «Լիդիան Արմենիա»-ում խոստանում են՝ Ամուլսարի հանքի շահագործման ավարտին իրենց զբաղեցրած տարածքը կրկին օգտագործելի կդարձնեն։ «Ծածկվելու ենք հատուկ ջրամեկուսիչ կավային շերտով, այնուհետ՝ ծածկվելու է հողի բերրի շերտով և կանաչապատվելու է»։ Ընկերության ներկայացուցիչը հերքում է նաև տեսակետը, որ իրենք հանքարդյունաբերության բնագավառում փորձառություն չունեն և չի լինի արդյունավետ աշխատանք։ Ըստ նրա՝ այստեղ ընդգրված են միջազգային չափանիշներով աշխատանքի 8-ից 10 տարվա փորձ ունեցող մասնագետներ։ «Լիդիան Արմենիա»-ն հորդորում է տեսնել այն դրականը, որ ընկերությունը բերում է։ Հայաստանում ներդրումների ծավալը կկազմի 400 միլիոն դոլար, ընկերությունը տարեկան 40-ից 50 միլիոն դոլարի հարկ կվճարի պետությանը, 1300 մարդ կաշխատի շինարարության վրա, իսկ շահագործման փուլում մշտական աշխատանք կունենա 700 հոգի։