«Վերջ դնել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հակամարդկային պրակտիկային»
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը, որով կոչ է արվում վերջ դնել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հակամարդկային պրակտիկային Հայտարարություն 2017 թվականի հուլիսի 4-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Ալխանլու գյուղում հայկական զինված ուժերի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել են տարեց կին և նրա երկու տարեկան թոռը, մեկ այլ կին վիրավորվել է։ «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ հայ-ադրբեջանական շփման գծում զոհվում են քաղաքացիական անձինք՝ թե՛ հայեր և թե՛ ադրբեջանցիներ, այդ թվում տարեց մարդիկ և երեխաներ։ Պետք է վերջ դրվի քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելու՝ տարիներ շարունակ կիրառվող հակամարդկային պրակտիկային։ Այստեղ անելիք ունենք բոլորս` իրավապաշտպաններից, միջազգային կազմակերպություններից սկսած` մինչև շարքային զինվորները», - նշում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը խորապես ցավում է անմեղ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և կոչ է անում. - Լեռնային Ղարաբաղի (Արցախի) իշխանություններին՝ անաչառ հետաքննություն անցկացնել` պարզելու կատարվածի հանգամանքները, և հանցակազմի ապացույցների հիման վրա պատժել բոլոր մեղավորներին, - հակամարտող կողմերին՝ զերծ մնալ մարդկային կորուստներն իրավիճակն էլ ավելի լարելու և ատելություն սերմանելու նպատակով օգտագործելուց, - Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ գործուն քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման ուղղությամբ` բացառելով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, - միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել խաղաղ բնակչության թիրախավորումը և բազմակողմանի աջակցել նրանց անվտանգության ապահովմանը։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ