Ոստիկանները հարվածել ու դատարկել են միրգ վաճառող տատիկների արկղերը (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում են փողոցում ծիրան ու բալ վաճառող ալեհեր տատիկների արկղերին՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է ներկայացրել. «Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»։