Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը մտահոգ է խոշտանգումների փաստերով (տեսանյութ)

Քաղաքականություն
xoo

2016 թվականի հուլիսի 17-ից 30-ն ընկած օրերին Երևանում ոստիկանների կողմից քաղաքական հավաքները ցրելիս գրանցվել են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի զանգվածային դեպքեր։   «Մեր պաշտպանյալների փոխանցմամբ՝ խոշտանգումներ իրականացնելիս օգտագործել են տարբեր գործիքներ, սեղմել են ձեռնաշղթաները, ոստիկանները փորձել են ստիպել, որ իրենց կոշիկները համբուրեն, հոգեբանական ճնշումներ են եղել»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Խոշտանգումներով առավել հարուստ էր հուլիսի 29-ը։ Քաղաքացիներն ու լրագրողները ոչ միայն այրվածքներ են ստացել, ծեծվել ոստիկանների կողմից, այլև տեղափոխվել ոստիկանական զորամասեր։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնաբանում է.  «Այդ անձինք չէին ապահովվում նվազագույն իրավունքներով, որի վերաբերյալ մենք ստանում էինք բողոքներ, և երկրորդ՝պարզ չէր, թե ինչու են այդ անձինք բերման ենթարկվում զորամասեր։ Հատուկ միջոցների օգտագործումը եղել է օրենքի կոպիտ խախտմամբ»։ Ըստ Օմբուդսմենի՝ քաղաքացին խոշտանգման վտանգի տակ է հայտնվում այն պահից, երբ հայտնվում է ոստիկանությունում կամ քննչական մարմինների լիազորությունների ներքո։ Չնայած քրեական օրենսգրքով՝ խոշտանգումն այլևս քրեորեն պատժելի արարք է, բայց ՄԻՊ-ը դժգոհ է օրենքի կիրառումից.  «Մենք այսօր ունենք ոչ բավարար պրակտիկա, ես դա մտահոգող եմ համարում։ Խոշտանգման դեպքերն այնպիսին են, որ դրա համար պետք է լինեն պատասխանատվության ենթարկված անձինք, որպեսզի դա ունենա կանխարգելիչ նշանակություն»։ Ոչ այնքան բարձրաձայնվող, երբեմն՝ հասարակության կողմից արդարացվող է ընտանեկան բռնությունը։ Բայց այն իր դաժանությամբ չի զիջում որևէ բռնարարքի։ «Մարիամ Գևորգյանը 10 ամսվա ընթացքում, երբ նա ամուսնացած է եղել, և գտնվել է Սանկտ Պետերբուրգում, ենթարկվել է բազմաթիվ խոշտանգումների,մարմինն այրվել է արդուկով,ծակծկվել է պատառաքաղով, կոտրվել է քիթը, կրակայրիչով վառել են լեզուն, կրծքերը։ Նրա սկեսուրը և ամուսինը համաներմամբ գրեթե պատիժ չեն կրել»,- ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի Հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը։ Իրավիճակը կփոխվի, եթե ի վերջո Հայաստանն ընդունի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը։ Գործը չի հասնի քրեական հանցագործության։  «Ստեղծվում են ապահով տներ՝ կացարաններ, որտեղ մարդը հնարավորություն է ստանում գտնվել ապահով տարածքում, և չենթարկվել բռնությունների, անգամ՝ կորցնել կյանքը»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ հայաստանյան բանտերը ևս խոշտանգումների իրական դարբնոցներ են։ Ազատազրկված անձինք զրկված են մարդկային բոլոր իրավունքներից։ Ամենախոցելիներից է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն։ «Էդ շենքում գտնվելն արդեն իսկ խոշտանգում է։ Վերջերս ստացանք տեղեկություն, որ գերծանրաբեռնվածության խնդիրը նորից սկսում է զարգանալ։ Էն, որ բուժօգնություն չեն ստանում, դա արդեն անմարդկային վերաբերմունք է։  Տարիներ շարունակ ասում էինք՝ սնունդը անորակ է, մարդիկ չեն ուտում, խնդիրը լուծելու փոխարեն որոշեցին կրճատել սնունդը»,- ասում է Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա՝ խոշտանգման զոհ էր նաև բանտարկյալ Հրաչյա Գևորգյանը։ «Նրան մի քանի անգամ բռնության են ենթարկել, և որևէ մեկը դրա համար պատասխան չի տվել։ Տարածքը զննելու հետ կապված ոտք ու ձեռքից բռնել, շպրտել էին գետնին։ Դատապարտյալների հիվանդանոցում ներարկել էին ինչ-որ նյութ, ինչի արդյունքում կորցրել էր քայլելու և խոսելու ունակությունը»։ Անձը հաճախ խոշտանգվում է՝ իրավապահներին ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով։ Ոստիկանական բաժանմունքներում կամ քննչական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգումներին վերջ դնելու գործնական քայլ է առաջարկում ՄԻՊ-ը։ Պետք է մերժվի բռնությամբ ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքը դնել անձի մեղադրանքի հիմքում։  Ի դեպ, հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։