Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Արտագերսում ապրելու ժամանակ չունեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Nor-Artagers-nkar

170 հեկտար տարածք Արմավիրի Նոր Արտագերս համայնքում չի ոռոգվում։ Ջրի խնդիրը գյուղը ժառանգել է անկախացման առաջին տարիներից։ Ղեկավարների խոստումը՝ կբերեն, ոռոգման ցանց կսարքեն,  մի քանի  տասնամյակ է օդում է։ «Էն վախտ ասել են Ձեզ կապահովենք ջրով, բայց չեն ապահովում», ֊ասում է գյուղացիներից մեկը։ Նոր Արտագերսում նարդին գյուղամեջում հավաքված տարեցների միակ զբաղմունքն է։  Խաղում են՝ մոռանալու առօրյա հոգսերը։ Իսկ մոռանալու բան այս տարի նորարտագերսցին շատ ունի։ Դեռ գարնանը հասկացել են՝ ամռանը բերք չեն ունենա  ցրտահարության հետեւանքով. «Մինչև 12-13 աստիճան ցուրտ արեց ծաղկման ընթացքում, հիմա էլ ոչ մի բան չունի ժողովուրդը, ոչ ծիրան ունի, ոչ բան։ Մի 30-40 %-ով կա սալոր, մարդիկ իրենց հողից մի հատիկ գիլաս չեն քաղել։ Էդ մարդը ոնց անի, որ վարկը փակի», ֊ասում է նարդի խաղացող պապիկը։ Բերքի կորուստը նորարտագերսցի տղամարդկանց խոպան է տարել։ Չեն կարող չգնալ, պետք է ընտանիքը կերակրել, ու նաև վարկերի բեռից ազատվել։ Անհույս է գյուղում մնացողների ֆինանսական դրությունը։ Գյուղացիներից մեկը պատմում է. «Հազիվ յոլա են էթում։ Վարկը վեկալում են հողը մշակում են, տանում են վարկը, ձմեռն էլի վարկ են վեկալում, յոլա են էթում։ 90%-ը էդ ա ստեղ»։ Պաշտոնապես 1500 բնակիչ ունեցող Նոր Արտագերսի փողոցները գրեթե դատարկ են, և պատճառն ամենևին էլ շոգ եղանակը չէ։ Մերթընդմերթ երևացող մեքենաները բեռնված են գյուղատնտեսական գործիքներով՝ գյուղացին դաշտ է շտապում։ Նարդի խաղացող տղամարդիկ կատակում են՝ հոգսերի տակ կքած գյուղացիներն ապրելու ժամանակ չունեն. «Գոյություն ենք պահպանում։  Լույսը չբացված՝ դաշտում ես, մութն ընկած նոր գալիս ես տուն։ դրանից հետո էլ գնում-վարկ ա վերցնում, պատկերացրեք էլի»։ Նոր Արտագերսը բազմազգ գյուղ է՝ հայեր, եզդիներ, ասորիներ ապրում են կողք կողքի։ Հաշտ ու համերաշխ են։ Բայց մեկ խնդիր բնութագրական է բոլորին՝ երիտասարդներն այստեղ ապագա չեն տեսնում։ «Հոսքը դեպի Ռուսաստան, արտերկիր, շատ է, երիտասարդություն այդքան էլ չկա, որովհետև հետաքրքրություն չկա։ Խնդրեմ, նայեք, տոնածառի տակ տղամարդիկ են նստած, բոլորն էլ տարեցներ», ֊ասում է ասորի կինը։ 70 տարի առաջ կառուցված, երբեմնի մշակութային կենտրոնի շենքը վերածվել է արտաքնոցի։ Տարեց կինը հիշում է.  «Էնքան եռուզեռ էր՝ մինչև 60-ականներ, կինո, թատրոն, Երևանի բոլոր թատրոններից ներկա են եղել, բայց հիմա ցավոք տեսնում եք վիճակը՝ միապաղաղ, երիտասարդությունը զվարճանալու տեղ չունի մահացած վիճակ ա»,֊ ասում է կինը։ Նորարտագերսցիները  չեն  հիշում, երբ են բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց այցելել, բայց սպասում են։ Շատ բան ունեն նրանց ասելու։