ՊՆ-ն չի հաստատում, որ քաղաքացին հատել է սահմանը
ՊՆ մամուլի ծառայությունը ոչ հերքում, ոչ հասատում է լուրն այն մասին, որ օրերս Հայաստանի Բերդավան բնակավայրի սահմանից քաղաքացիական անձ է հատել Ադրբեջանի սահմանը. «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել»,- «Ա1+»-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, այսօր Ռազմինֆո կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Բերդավանից քաղաքացիական անձ է անցել Ադրբեջանի սահման։
Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում իբր պատկերված է ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ դիվերսանտը՝ Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով:
«Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամ պարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- «Արմենպրես»-ին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
Պարզվել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը, ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այս լուրը սոցիալական ցանցերում հերքել են հենց ադրբեջանցի օգտատերերը: