Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են բերման ենթարկել Տիգրան Ուրիխանյանին (տեսանյութ)

Հասարակություն
Tigran-urixanyan

 ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր էլ չներկայացավ  «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին: Արդեն 4-րդ նիստն է՝ հենց գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու պատճառով չի  կայանում: «Հայաստանում ընթանում են Եվրոպայի խորհրդի աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, եւ նրա ներկայությունը պարտադիր է»,- պարզաբանեց տուժողի ներկայացուվիչ  Կարմեն Պողոսյանը:    Տուժողի չներկայանալն առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը.  «Տուժողը իր նախորդ դատական նիստին դատարան ուղարկված գրությամբ հայտնել էր, որ պարտադիր կներկայանա այսօրվա դատական նիստին: Ամեն անգամ դատական նիստին մի պատճառաբանությո՞ւն բերել։ Ես առաջարկում եմ կամ բերման ենթարկելու որոշում կայացնել, կամ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխել, կամ նրա ցուցմունքները որպես ապացույց չճանաչել»,- ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Անի Հովհաննիսյանն էլ ավելացրեց. «9 ամիս տեւած նախաքննության ընթացքում Տիգրան Ուրիխանյանը ժամանակ չգտավ գալ առերեսման, հիմա ժամանակ չի գտնում գալ դատական նիստերին ներկայանա, բայց  ժամանակ գտավ սուտ հաղորդում տալու:  Ես միանում եմ պաշտպանիս, կարծում եմ իմ իրավունքների ոտնահարում է արդեն տեղի ունենում, ես կալանքի տակ եմ գտնվում ապօրինաբար:  Կամ բերման ենթարկելու որոշում կայացրեք կամ իմ խափանման միջոցը փոխեք, թող ինքը մասնակցի իր կոնֆերանսներին եւ քննարկումներին»: «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի՝ նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ: Դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ եթե հաջորդ դատական նիստին  էլ Տիգրան Ուրիխանյանը չներկայանա, ապա    նրա բերման ենթարկելու որոշում կկայացնեն եւ  կքննարկվի նաեւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:    «Եթե այսպես շարունակական է սա, եթե իրեն հարմարեցնենք  նիստերը, վայրը ժամը, մի նիստը  հասկանալի է, երկուսը հասկանալի է, բայց երրրորդը այլ բանի մասին է վկայում»,- նշեց դատավորը:    Դատական նիստը կշարունակվի հունիսի 22-ին.