Միասնական արժույթ չի լինի (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը այսօր կրկին հերքել է միասնական արժույթ ստեղծելու մասին լուրերը: «Այդպիսի աշխատանքներ չեն վարվել, չեն վարվում եւ մոտական տարիներին էլ չեն վարվելու: Նույն սուվերենության հարցն է: Միասնական արտարժույթի գաղափարախոսությունը բերելու է միասնական դրամավարկային քաղաքականության վարման: Կենտրոնական արտարժույթի գաղափարախոսությունը բերելու է երկրների կողմից միասնական դրամավարկային քաղաքականության վարման, ինչպես դա անում է Եվրամիությունը: Մենք դրան այսօր պատրաստ չենք: Երբ կլինենք պատրաստ՝ չեմ կարող ասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթի նպատակը անդամ երկրների միջեւ կապիտալի, աշխատուժի և ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է: «Մեր նպատակն է ներդաշնակեցնել ֆինանսական շուկաները և հարկային քաղաքականությունները: Մեր հիմնական նպատակն է հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը»,- ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: Ըստ նրա՝ մեր այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկը անդամ երկրների վարչական մարմինների տեղեկատվության փոխանակումն է, ինչպես նաեւ կարեւոր խնդիր է մեկ պատուհանի գործընթացի ներմուծումը, ինչի պարագայում սահմանը հատելը կտեւի րոպեներ: Տիգրան Դավթյանը հուսով է, որ երկու տարի անց հնարավոր կլինի բոլոր գործընթացների թվայնացումը բերել վերջնական տեսքի: