Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերություն՝ ողջ աշխարհում
Նվազող կարեկցանքը, առաջնորդության պակասը եւ փոփոխություններ բերելու հանդեպ թերահավատությունը հումանիտար աջակցության նվազման հիմնական պատճառներն են։ Հոռետեսությունը կարող է հաղթահարվել երիտասարդ սերնդի՝ հումանիտար գործունեության անցնելու միջոցով։ Հրապարակվել են 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղաթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայն անվստահություն: Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդմանենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածների 63 տոկոսի կողմից: Դրան հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան: Ամենամյա հանրային կարծիքի ուսումնասիրությունը չափում է մարդասիրական խնդիրների հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։ 2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունը, ի տարբերություն ավագ սերնդի, առավել բաց է ընդունում եւ աջակցում փախստականներին՝ ցանկություն հայտնելով ներգրավվել հումանիտար գործունեության մեջ: «Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, - այնուամենայնիվ, այս բացասական երեւույթին հակակշռում է հումանիտար գործունեության եւ փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու՝ երիտասարդների դրական վերաբերմունքը: Բոլորս պետք է կրթենք եւ ոգեշնչենք երիտասարդներին ողջ աշխարհում, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան արդյունավետ ազդեցության կարողությունը, այլեւ ոգեշնչվեն ու գործեն»: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հիմնական արդյունքներն են.
- Հումանիտար գործունեության մեջ սեփական ուժերով ազդեցություն ունենալու հանդեպ վստահությունը ցածր է:
- Հարցվածների միայն 9 տոկոսն է կարծում, որ կարող է փոփոխություններ բերել հումանիտար խնդիրների լուծման հարցում:
- Չնայած, որ հարցվածների 56 տոկոսը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարությունների համար, 51 տոկոսը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում:
- Հումանիտար գործունեության նկատմամբ աջակցությունն անկում է ապրում:
- Թեեւ հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37 տոկոն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականներին:
- Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:
- 12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների ընդունել են Պակիստանը, Իրանը եւ Թուրքիան:
- Մեկուսացումն ու ազգայնականությունը քաղաքականության սահմաններից վեր են:
- Հարցվածների 34 տոկոսը համաձայն է, որ ներգաղթյալներն իրենց երկրները դարձնում են ավելի լավ վայրեր՝ չնայած, որ նրանց մեկ երրորդը կարծում է, որ միգրանտները սպառնալիք են իրենց կրոնական համոզմունքների հանդեպ:
- Հարցվածների 44 տոկոս մտածում է, որ իրենց երկրների համար ազգային փոքրամասնությունները սպառնալիք են: Այս ցուցանիշը աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56 տոկոս), Քենիայում (56 տոկոս), Թուրքիայում (55 տոկոս) եւ Ֆրանսիայում (54 տոկոս):
- Կոմպետենտ առաջնորդության ճգնաժամ.
- Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել որեւէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը:
- Ըստ հարցվողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) առավել լավ դիրքում են այսօրվա փախստականների ճգնաժամին լուծումներ տալու համար, ինչը կտրուկ զիջում է 2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքերին, որի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը մտածում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հարցը կարգավորելու համար ամենաունակ համաշխարհային առաջնորդն էր:
- Չնայած իրենց խիստ տարբերվող հայացքներին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հավասար են ընկալվում՝ որպես փախստականների ճգնաժամը կարգավորելու համար ունակ առաջնորդներ (յուրաքանչյուրը 15-ական տոկոս):
- Ուսումնասիրված յուրաքանչյուր ոլորտում 2017թ. ավելի քիչ գործունեություն է ծավալվում Սիրիայից փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, քան 2016 թվաանին, ինչպես ցույց էր տվել նախորդ տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչը: 2016 թվականից ի վեր գործունեության տեսանկյունից ամենաշատ անկումը գրանցել են մեդիան, միջազգային հանրությունը, հարցվածների կառավարություններն ու զարգացած երկրները:
- Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ն ընկալվում են որպես ամենաունակ կառույցները այս ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն 2016 թվականի համեմատ ընդհանուր առմամբ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունն անկում է ապրում:
- Հույսը հումանիտար գործիչների հաջորդ սերնդի վրա է.
- Ընդհանուր առմամբ, երիտասարդներն ավելի դրական են տրամադրված եւ վստահ են ազդեցություն գործելու իրենց կարողության վրա. 18-ից 34 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը համաձայն է այն մտքին, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, իսկ 47 տոկոսը ցանկանում է օգնել Սիրիայից փախստականներին:
- Երիտասարդ հարցվածներն արժեւորում են բազմազանությունը. հարցվածների 29 տոկոսը համաձայն է, որ իրենց երկիրն ավելի լավը կդառնար, եթե բոլորի ավանդույթներն ու սովորույթները հավասարապես ընկալվեին:
- 18-ից 34 տարեկան հարցվածներն ամենահավանականն է, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում գործունեություն կծավալեն փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: