«Մանդատը քիչ էր, իրենք շատ էին, բնական է՝ դժգոհում են» (տեսանյութ)
Յուրաքանչյուր ընտրություն ցույց է տալիս երկրի տխուր վիճակը, թեեւ ԱԺ վերջին ընտրություններին տպավորություն ստեղծվեց, թե բոլորը ռացիոնալ են գնահատել իրավիճակը: «Դժգոհությունը ո՞րն է, ես չգիտեմ, այս ընտրություններում դժգոհությունը ո՞րն է. բացի մանդատ վերցնողներից, ես ուրիշ այլ դժգոհություն չեմ տեսել: Դժգոհություն չկա. բոլորը ստացել են այն, ինչ ուզում էին, բացի նրանցից, որոնք ուզում էին մանդատ ստանալ՝ մանդատը քիչ էր, իրենք շատ էին, բնական է՝ դժգոհում են»,- նկատեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Փոփոխվող աշխարհ-հայացք Երեւանից» վերլուծական-փորձագիտական եռամսյա հանդեսի ներկայացմանը Մանվել Սարգսյանը նաեւ ավելացրեց՝ միմյանց մեղադրելուց առավել այս անգամ տարբեր պատճառներով մեղադրվեց հասարակությանը. «Պարզվեց՝ ժողովուրդը ժողովուրդ չէ, դրա համար մենք հիմա այս վիճակում ենք: Սա ճիշտ մոտեցում չէ, քանի որ ցանկացած մարդ, որ խոսում է, պետք է հասկանա, որ ինքն էլ է ժողովրդի մաս, եւ ասի՝ ինչո՞ւ ինքը ժողովուրդ չէ»: Սա, ըստ Մանվել Սարգսյանի, հետեւանք է անլուրջ վերաբերմունքի, որը ձեւավորվել է դեռ 1991թ. առաջին համապետական ընտրության ժամանակ, եւ այն իր արտացոլումն է ստացել նաեւ մեր քաղաքական դաշտում. «Օրինակ՝ 10 տարվա մեջ Ծառուկյան դաշինք կամ կուսակցություն: Փորձեք հասկանալ՝ քաղաքագիտական տեսանկյունից դա ի՞նչ է: Դա հնարավոր չէ նկարագրել, որեւէ տեսության մեջ դա չի մտնում: Անլուրջ վերաբերմունքը տեսեք՝ ինչի կարող է բերել»: Ըստ նրա՝ պատճառը այն է, որ չկա պայքար հանուն սեփական իրավունքների՝ քաղաքացիներից մինչեւ պետություն. «Համընդհանուր ենթարկվելու մթնոլորտ է ստեղծվել»: