Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների օպտիմալացման ծրագիրը փակուղի է (տեսանյութ)

Հասարակություն
hayeli

Տպավորություն է, որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս կառավարության միակ գերակայությունը. անդրադառնալով դպրոցների օպտիմալացման մասին՝ կառավարության նախաձեռնած ծրագրին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ Նրա դիտարկմամբ՝ կառավարությունում ֆինանսական հաշվարկները բավական լավ են կատարում, հաշվարկել են ու տեսել, որ շատ սահմանամերձ դպրոցներ չեն արդարացնում, քանի որ դասարաններ կան, որտեղ 1-3 աշակերտ ունեն։ Դրա համար էլ կառավարությունում որոշել են առաջ քաշել այդ օպտիմալացումը։ «Սակայն ֆինանսական նպատակահարմարությունը եւ տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս, երբեմն վատ խորհրդատու են։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինենք, քանի որ մետրոպոլիան կհոգա բոլոր կարիքները, ինչպես դա խորհրդային տարիներին էր։ Բայց այդ ճանապարհը տանում է փակուղի։ Եթե անգամ ֆինանսական առումով դա ճիշտ քայլ է, ապա կրթության, մշակույթի առումով դա փակուղի է, քանի որ դպրոց փակելը  նշանակում է փակել տվյալ գյուղը։ «Հայերս աստանդականի հոգեբանություն ունենք, եւ ծնողը երեխային դպրոց ուղարկելու համար կարող է հեռանալ գյուղից, գնալ մարզկենտրոն, հետո էլ տեղափոխվել Երեւան, եւ մենք կունենանք Երեւան՝ որպես Հայաստանի Հանրապետություն»։ «Գրական» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկանը նույնպես կարծում է, որ դպրոցները փակելը կնշանակի փակել նաեւ գյուղը։ «Նրանք, ովքեր կառավարությունում հաշվարկել եւ որոշել են օպտիմալացնել դպրոցները, ապա ֆինանսական շահը թող դնեն մի կողմ եւ իրենց հայի տեսակին հարց տան, թե ո՞ւմ տունն են քանդում։ Երկիրը մայրաքաղաքը չէ, երկիրը նաեւ մարզն է, գյուղը, սահմանամերձ գոտին, որտեղ արդեն հոգեւոր, արդյունաբերական, մտավոր կյանք գոյություն չունի։ Կառավարությունում չեն հաշվարկել, որ սահմանը պահողը ոչ միայն զինվորն է, այլ նաեւ գյուղը։ Զինվորը, որ կանգնած է սահմանին, կանգնած է, քանի որ իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, դպրոց կա, երեխաներ կան»։ Անդրադառնալով Լեզվի պետական տեսչությունը փակելու որոշմանը՝ Նարինե Դիլբարյանը նշեց, որ ոչ թե տեսչությունն է վատ աշխատում, այլ նրա լիազորություններն են թույլ։ «Հոնքը ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Տպավորություն է, որ մեր երկրում համակարգային որոշումներ չեն կայացվում, որոշումները կայացվում են՝ ելնելով անձնային նպատակահարմարությունից։ Նախարարություններ են ստեղծվում՝ կոնկրետ անձին պաշտոն տալու համար, մարդուն պաշտոնից հանելու համար էլ տեսչություն են փակում։ Եթե տեսչության ղեկավարը վատ է աշխատում, ապա պետք է ղեկավարին փոխել, ոչ թե տեսչությունը փակել»։