«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես զբաղվեի 300 կգ խնձորով». վարչապետ (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ նախընտրական շրջանում «ՍԱՍ» գրուպում կազմակերպած ժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը վերաբերվում է վատ. «Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում, եթե դա ճիշտ չէ, իրավապահ մարմինները կհայտարարեն»,- այսօր Հաղաթանակի զբոսայգում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքը չի գտնվում վարչապետի ուշադրության կենտրոնում. «Քրեական գործը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես զբաղվեի 300 կգ խնձորով»,- հայտարարեց նա: Վարչապետի պնդմամբ՝ իր պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում զգալի գործ կատարվել է, ինչի մասին վկայում են բազմաթիվ մամուլի հաղորդագրություններն ու հաշվետվությունները. «Բազմաթիվ հաղորդագրություններ ու հաշվետվություններ ենք ներկայացրել ձեզ: Տնտեսական ցուցանիշների մասին ասել՝ դրա համար մի կես ժամ առնվազն պետք է, որ ես ներկայացնեմ»: Հարցին, թե ինչու այդ փոփոխությունները, տնտեսական աճը մարդկանց համար տեսանելի չեն, Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Որովհետև այդ աճը կրիտիկական աստիճանի պետք է հասնի, որ մարդիկ դա զգան իրենց վրա»: