«Երկիր Ծիրանի»-ն կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ. ԵԾ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացրել է ԶԼՄ-ների կողմից լուսաբանվող ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքի իր դիտարկումը Հարգելի գործընկերներ, Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստաընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, ինտերնետային կայքեր եւ այլն) կողմից Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացի լուսաբանումն ակնհայտորեն ունի կողմնակալ բնույթ, մասնավորապես` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը բազմաթիվ լրատվամիջոցների կողմից կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ եւ ընդհանրական: Տվյալ հանգամանքը, իրավացիորեն, հարցադրում է առաջացնում, թե ինչո՞ւ են որոշ լրատվամիջոցներ խուսափում մեր հանրությանը ներկայացնելուց` սկզբունքային ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը, մամուլի հաղորդագրությունները եւ մայրաքաղաքի կառավարման ու խնդիրների վերաբերյալ հրապարակած մոտեցումները: Եվ, չնայած հասկանալի է, թե որոշ մարդիկ ինչու են իրենց վերահսկողության ներքո գտնվող զլմ-ների միջոցով անհույս փորձ կատարում` հանրային ամենադրական ընկալումն ունեցող Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ` տեղեկատվության սահմանափակմամբ, իսկ մյուս երկու ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ` անսպառ ու գերհագեցած տեղեկատվության տարածմամբ նվազեցնել «Երկիր Ծիրանի»-ի հնարավորությունները, այդուհանդերձ` լրատվության հավասարաչափ եւ անաչառ տրամադրումը պետք է առաջնային դիտարկել, ինչը ժողովրդավարության հաստատման կարեւոր հիմնասյուներից է: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 07. 05. 2017թ. Երեւան