Կոտրել են համատիրության դուռը, փոխել փականը. բնակիչներն ընդվզում են (տեսանյութ)
Մաշտոցի 48 շենքի բնակիչները զրկվել են սեփական համատիրության գրասենյակ մտնելու հնարավորությունից։ Մոսկովյան 8 համատիրության նախկին ղեկավար Ալեքսան Գասպարյանի ներկայացուցիչներն այսօր անակնկալի են բերել բնակիչներին։ «Նա Ամերիա բանկի միջոցով մտել է, տիրացել է ամեն ինչին, կոտրել է դուռը, բանալին, ամեն ինչը փոխել է և գնացել, բոլոր տեսակի բանալիները վերցրել են իրենց ձեռքը»,- ասում է Մաշտոցի 48 շենքի բնակիչ Ռոզա Մաթևոսյանը։ Դեռ 2000-ականներին, երբ համատիրությունը գրասենյակ չուներ, շենքի բնակիչները դրա համար առաջին հարկում տարածք են առանձնացրել։ Քաղաքապետարանն էլ Մոսկովյան 8 համատիրությանը, այսինքն՝ շենքի բնակիչներին, տարածքի սեփականության իրավունք է տվել։ Բայց ուրախությունը երկար չի տևել։ Գայանե Ասոյանն ասում է. «Բնակիչներից թաքուն, ապօրինի ձևով, ինչ-որ կապերի միջոցով քաղաքապետարանում այս տարածքը դրել է աճուրդի, գործող համատիրության ժամանակ, և աճուրդին մասնակցել է մենակ ինքն ու իր կինը։ Կնոջ անունով սեփականաշնորհում է կատարվել»։ Բնակիչները վստահեցնում են՝ աճուրդն անօրինական է եղել։ «Համատիրության ոչ մի անդամ տեղյակ չի եղել աճուրդի մասին»,- ասում է Գայանե Ասոյանը։ Մեկ այլ բնակիչ՝ Ռուբեն Վարդանյանը նշում է. «Համատիրության անդամների 2/3-ը պետք է տա իրենց համաձայնությունը, իսկ այստեղ ընդհանրապես ոչ մեկի համաձայնությունը չի եղել»։ Նրանք կասկածներ ունեն, որ Երևանի քաղաքապետարանը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել տարածքը սեփականաշնորհած Ալեքսան Գասպարյանի հետ։ Ռուբեն Վարդանյանի խոսքն է. «Եթե անօրինական բան է արվում, եթե ես ձեզ անօրինական գործ առաջարկեմ, դուք հենց ընենց կանե՞ք։ Չէ չէ՞, կասես լավ, արա մի բան կանենք։ Առանց դրա անհնարին է»։ Բնակիչներն այս իրավիճակի համար մեղադրում են Երևանի քաղաքապետարանին, որի դեմ դատական հայց են ներկայացրել։ Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, սպասում են որոշման։ Գայանե Ասոյանն ասում է. «Փաստաթուղթ ունենք, որ էս տարածքը համատիրությանն է տրված անվերադարձ, և քաղաքապետարանն իրավունքներ չուներ այս տարածքի վրա»։ Ռուբեն Վարդանյանի վստահեցմամբ՝ իրենք գնալու են մինչև Եվրոպական դատարան։ Բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել նաև Ամերիա բանկի դեմ, որի տարածքն օգտագործելով՝ Ալեքսան Գասպարյանի ներկայացուցիչները մտել են համատիրության տարածք։ Իսկ թե ինչ իրավունքով է Ամերիա բանկը վերջինիս թույլատրել համատիրության տարածք մտնել, բնակիչներին մասնաճյուղի ղեկավարությունն այդպես էլ պատասխան չտվեց։