Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունի թանգարանում ուրարտական ուտելիք կմատուցվի (տեսանյութ)

Հասարակություն
erebuni-nkar

«Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին։ Առաջիկայում հնավայրի տարածքում կարելի կլինի ոչ միայն պատմական ժառանգությանը ծանոթանալ։ Էրեբունի հնավայրի տարածքի ցանկապատումով և միջնաբերդի պահակակետի կառուցումով գործը չի ավարտվի։ Այստեղ նաև ուրարտական ուտելիք կմատուցվի։ Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի պնդմամբ՝ խոսքը ռեստորանի կառուցման մասին չէ. «Մեզ մոտ միտք հղացավ, որ ոչ նյութական և  նյութական ժառանգությունը համատեղ ներկայացվի։ Մենք մտածում ենք էնտեղ վերստեղծել ուրարտական խոհանոցը, դա վերստեղծվում է արդեն մեր թանգարանում զետեղված գյուղատնտեսական այն արտադրանքի հենքի վրա, որը հայտնաբերվել է միջնաբերդի պեղումներից»։ Նրա պնդմամբ՝ իրենք աշխատում են նաև Հնագիտության ինստիտուտի  համապատասխան բաժնի հետ, որն զբաղվում է հին կերակրատեսակների վերստեղծմամբ։ Գործում ներգրավված են նաև Հայաստանում ճանաչված խոհարարներ. «Փորձում ենք գտնել այն կերակրատեսակները, ճաշատեսակները, որոնք ժամանակին ունեցել ենք։ Չէ՞ որ արտադրվել է ուրարտական գինի, գարեջուր, հիշենք, որ կարասների մեջ հայտնաբերվել է նաև գարու հատիկներ։ Հետևաբար՝ դրանք անհրաժեշտ է մատուցել»,- հավելեց թանգարանի տնօրենը։ Գագիկ Գյուրջյանը վստահեցնում է՝ արդեն 2018-ին այս ամենն իրականություն կլինի։