Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը 1 ամիս 4 օրով երկարացվել է
100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամիս 4 օրով: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմզար Հովսեփյանը արդեն 5-րդ անգամ երկարացրել է նրա կալանքի ժամկետը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը չէր ներկայացել դատական նիստին: Իսկ դատարանը ընթերցել է գրություն, թե նա չի ցանկանում մասնակցել: «Սակայն գրված չէր, թե որ նիստին չի ցանկանում մասնակցել»,- ասաց պաշտպանը: Նրա խոսքերով՝ թեեւ քննչական մարմինը որեւէ նյութ չէր ներկայացրել, թե ինչու պետք է երկարացնել կալանքի ժամկետը. «Սակայն դատարանը հավատաց քննիչի ազնիվ խոսքին եւ երկարացրեց ժամկետը»: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ 5-10 օրից գործը կգա դատարան: