Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 9-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում,«Բաց մեզ,Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։
Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել»
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց «Կանա» կենտրոնի սաներին:
Նավասարդ սրբազանի համար այդքան շատ երեխաների մեջ գտնվելը հավասարազոր էր պտղատու այգում լինելուն, որտեղ միջավայր է ստեղծվում, որպեսզի մեծերը ևս աշխատեն մանկական անարատ, ազնիվ վիճակը պահպանել. «Իրենցից մենք ոգևորվում ենք, ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել, իսկ մեր գործը մեղավորների հետ է», - ասաց սրբազանը: Այնուհետև երեխաները հերթով մոտեցան և օրհնություն ստացան ոչ միայն Նավասարդ սրբազանից, այլ նաև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանից: «
«Կանա» կենտրոնը երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար տոնական տրամադրությունը տեղափոխեց «Արարատ» գոլֆ ակումբ: Երեխաները խմբերի բաժանվեցին և Տեր Տաճատի առաջնորդությամբ սկսեցին խաղալ: Գոլֆ խաղալու առաջարկը եղել էր «Կանա» կենտրոնի սաներից մեկինը՝ Անուշ Վրթանեսյանինը. «Ես հաճախում եմ այստեղ՝ խաղալու, և առաջարկեցի, որ ընկերներս ևս միանան ինձ, և Տեր Տաճատը հավանություն տվեց, ավելին, մեզ շատ ոգևորեց՝ ասելով, որ ինքը ևս կգա ու մեզ հետ կխաղա»:
