Դատախազը հայհոյել է Արայիկ Խանդոյանին (տեսանյութ)
«Սասնա ծռեր » խմբի անդամ Արայիկ Խանդոյանը այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ: «Նա Հաց բերողին համարում էր, որպես իր եղբայր եւ ասեց, որ դուք եք սպանել նրան»,- դռնփակ դատական նիստից հետո հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դրանից հետո, պաշտպանի խոսքերով, դատախազը հայհոյել է: Արա Ղարագյոզյանը միջնորդել է դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ինչը մերժվել է: Այսօրվա դատական նիստն ընթացել է դռնփակ, քանի որ նախորդ դատական նիստին ներկաները աղմկել էին: Պաշտպան Արա Ղարագյոզյանը հիշեցնում է, որ դռնփակ դատական նիստն անցկացվում է այն ժամանակ, երբ պետական, ազգային անվտանգության, անձի կյանքի կամ սեռական ոտնձգության գործերով նիստեր են անցկացվում: Պատանդ վերցնելու, զենք- զինամթերք պահելու, կրելու եւ հափշտակելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը դատարանում վիճարկում էր տեսակցության վրա դրված արգելանքը: