Սարիթաղցիները հույս ունեն 10 կալանավորվածներին ազատ արձակել (տեսանյութ)
Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն արդեն 10 օր է աշխատանքային ժամերին նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց: «Շատ դժվար է, այս տարիքում եւ ամեն տարիքում երիտասարդների համար գալ այստեղ նստել: Հոգեպես ենք ընկճված, որ գալիս ենք այստեղ»,- ասում է կալանավորված Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանը: Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նրանք պահանջում են վտանգավոր բռնություն հոդվածը փոխարինել առաջին մասով: «Եթե փոխվի հոդվածը աստված մեծ է, կկարողանանք 10-ին էլ ազատենք»,- ավելացնում է Նարինե Ղազարյանը: Նստացույց հայտարարածները նշում են, որ հուլիսի 19-ին ոստիկաններն են հրահրել բախումները։ «Իմ տղան, տեսանյութում երեւում է, երբ շատ խառնակ վիճակ է եղել, ինքը քարը բարձրացրել, քցել է, քարը գնում ընկնում է գետնին, ոչ մեքենաներին է վնաս եղել, ոչ մարդկանց»,- նշեց Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը: Սարիթաղցիները հայտարարում են՝ եթե խնդիրը լուծում չստացավ, կդիմեն նաեւ հացադուլի: