Պատրվակ՝ նիստը հետաձգելու համար (տեսանյութ)
Մոտ 4 տարի կալանավայրում գտնվող Արմեն Ղազարյանին այսօր Կենտրոնի դատարան չէին բերել: «Իմ պաշտպանյալին դատարան չբերելը եւս մեկ պատրվակ էր, որ դատական նիստը հետաձգվեր»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նախորդ տարվա հոկտեմբերին դատական նիստը հետաձգվել էր մինչեւ ապրիլ ամիսը, որպեսզի ՌԴ-ում գտնվող վկաներին ծանուցեին եւ նրանք ներկայանային դատարան: Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին՝ վկաների չներկայանալու պատճառով: «Փաստորեն 4- 6 ամսվա ընթացքում որեւէ քայլ ինչպես տեսնում ենք արդյունավետ չի ընթացել եւ որեւէ պատասխան չունեն ՌԴ-ից»,- ավելացրեց պաշտպանը: Արմեն Ղազարյանը մեղադրվում է 2000 թ-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած տարբեր հանցագործությունների մեջ: Այնտեղ 9 տարի անց գործը փակվել է եւ Հայաստանում վերաբացվել 2011թ-ին: Արմեն Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Վկաներից կային մարդիկ, որոնք հաստատել էին, որ Արմեն Ղազարյանը չի եղել, այլ եղել է սլավոնական արտաքինով մեկ այլ անձ, նույնիսկ նշել էր այդ անձին»: Գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 28-ին: