Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասում տեղի ունեցածից հետո տուժողը խնդրում է արդարացնել ամբաստանյալին

Հասարակություն
aram-axayan

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է լեյտենանտ Արամ Աղայանի գործով դատական նիստը:  Այսօրվա նիստում դատարանում ցուցմունք է տվել գործով տուժողը՝ Ռուդիկ Գրիգորյանը: Վերջինս դատարանին խնդրել է արդարացնել Արամ Աղայանին եւ ազատ արձակել:  Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, տուժողը նշել է, որ հարցաքննության ժամանակ բարձր ջերմություն է ունեցել, իրեն 4 ժամ հարցաքննել են, իսկ ինքը ստորագրել է գրված ցուցմունքի տակ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  լեյտենանտ  Արամ Աղայանին դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Արամ Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 3 ամիս ազատազրկում ՝ գումարելով  2014 թ-ի դատվածության պայմանական ազատման չկրած մասը: Դեպքը տեղի ունեցել է Արցախի զորամասերից մեկում՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։  Ըստ դատավճռի՝  լեյտենանտ Արամ Աղայանը,  հայտնաբերելով, որ  շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, հրելով փորձել է արթնացնել: Սկսվել է վիճաբանություն եւ քաշքշոց։ Արամ Աղայանը եւ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում են վճիռը եւ խնդրում արդարացման դատական ակտ կայացնել: Գործով դատական նիստը կշարունակվի մարտի 31-ին: