Պատգամավորի թեկնածու. կարող ենք մարդկային կորուստներ էլ ունենալ (տեսանյութ)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները միմյանց դեմ չեն պայքարում, այլ ցանկանում են հնարավորինս շատ ձայներ հավաքել խորհրդարանում հայտնվելու համար: Նոր- Նորք, Ավան, Քանաքեռ- ԶԵյթուն վարչական շրջանները ընդրգկող թիվ 1 ընտրատարածքում Ազատ դեմոկրատները առաջադրել են 6 թեկնածու: «Մեր քվեաթերթիկները բաժանվում են միասնաբար: Մեզ համար կարեւոր չէ, այդ քվեն գալու է Ստյոպա Սաֆարյանին, Հռիփսիմե Բոչոլյանին, թե Հովսեփ Ավետիսյանին: Որովհետեւ ես եւ իմ ընկերները մոտիվացված ենք` հաղթանակը մեր ժողովրդի սեղանին դնելու հարցում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: «Ազատ դեմոկրատները» այսօր դուրս են եկել՝ Նոր Նորքի ընտրողներին իրենց ծրագրերի մասին տեղեկացնելու։ Մարդկանցից ոմանք ոգեւորվեցին՝ Ստյոպա Սաֆարյանին տեսնելով: Ոմանք էլ հրաժարվում էին վերցնել նախընտրական բուկլետները: Կոտայքի մարզում բնակվող, Նոր-Նորքի շուկայում առեւտրով զբաղվող կնոջը ազատ դեմոկրատները չեն համոզում ։ Ինքը Գագիկ Ծառուկյանի համակիր է։ «Նրա մայրը Ռոզա Ծառուկյանը կարող է թագավորական գահի վրա նստի, ուտի, խմի իր կյանքը անի, չէ՞: Բայց նա բանվորի նման մեղու է պահում»: Պատգամավորի թեկնածու Հովսեփ Ավետիսյանը ավելացրեց. «Պարոն Ծառուկյանն այսօր բազմել է մի թամբի վրա եւ տաք նստած է: Ես ու դու ենք սառում: Ես այս տարածքից եմ եւ իմ աչքի դեմը քանդում են, քարե ջունգլի են սարքում Նոր Նորքը»: ՀՀԿ եւ Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ Ջրառատում տեղի ունեցած նախընտրական միջադեպը մտահոգել է նաեւ «Ազատ դեմոկրատներին»։ «Կարող ենք մարդկային կորուստներ էլ ունենալ: Ոչինչ չի բացառվում, քանի որ իրավապահ մարմինները չեն ապահովվում մարդկանց քարոզարշավի անցկացման ամբողջ անվտանգությունը: Բաց թողնված վիճակ է, դուք էլ եք տեսնում, մենք էլ ենք տեսնում իրավիճակը շատ լարված է: Մեր քաղաքական գործիչներից մեկն ասեց վերածվել է գլադիատորական մարտի»,- նշեց պատգամավորության թեկնածու Գագիկ Բաղդասարյանը: Նա կանխատեսում է, որ միջադեպերը կավելանան , որքան մոտենա ընտրության օրը։