Եռյակը բացառում է տարածքների վերադարձ․ ՕՐՕ-ն Վայքում է (տեսանյութ)
Վայք քաղաքը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հերթական կանգառն է։ Փոխանակ Հայաստանը զարգանա, ժողովուրդն ավելի զարգանա, մեզ մոտ հակառակ պրոցեսն է գնում․ «Փոխանակ զարգանանք, մենք հայտնի սկզբունքով ենք առաջ գնում՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ։ Մենք ջախջախելու ենք անարդարության մթնոլորտը»,- վայքեցիների հետ զրույցում ասում է ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։ Նրան հաճախ են հարց տալիս՝ պե՞տք է եղել իրեն այս ամենը․ «Ես պատասխանում եմ՝ կամ մենք հաղթանակ պետք է տանենք, կամ ժողովուրդը շարունակելու է մնալ այս իրավիճակում»։ Ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել փոփոխությունների, դա գործիք է լուրջ խնդիրներ լուծելու համար․«Ես խոսք եմ տալիս՝ ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով՝ մենք պարբերաբար գալու ենք՝ հաշվետվություն տալու, թե ինչ ենք արել այս երկրի համար»,- խոստանում է Սեյրան Օհանյանը։ Նա կարծում է, որ իրենց համակիրների թիվը շատ մեծ է։ Սեյրան Օհանյանն առաջարկում է տուն առ տուն տարածել գաղափարը, որ բոլորի կողքին ենք լինելու․ «Իմ համար կարևոր սկզբունք է՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին։ Դա շարունակելու է իմ սկզբունքը լինել»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։ Հայաստանն արդեն ավտորիտար պետություն է համարվում, ասում է Վարդան Օսկանյանը։ Նրա գնահատմամբ՝ մեր պետությունը այլ ինդեքսներով էլ է հետ մնացել․ «Եթե առաջ Հայաստանի մամուլը ազատ էր համարվում, հիմա անազատ պետություն է։ Եթե կոռուպցիոն սանդղակում 101-րդն էինք, հիմա 121-րդն ենք։ Եթե մենք գանք իշխանության, փոխելու ենք այս իրավիճակը»։ Մեր եռյակը բացառում է տարածքների վերադարձ․ «Այո մենք ասում ենք, հնարավոր է ունենալ ուժեղ տնտեսություն ու բանակ, և Արցախի հարցը դրականորեն առաջ տանել»,- ասում է Վարդան Օսկանյանը։ ՕՐՕ դաշինքի հերթական հանդիպումները նախատեսված են Սյունիքի մարզում։