Կարո Եղնուկյան. «Իմ պալատում ես եմ թագավորը» (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը քննարկվում էր Վերաքննիչ քրեական դատարանում: Քննիչը հրաժարվել էր գործ հարուցել, որն էլ առիթ էր դարձել դատարան դիմելու համար: Դատավոր Սերգեյ Չիչոյանը արգելեց տեսանկարահանում անցկացնել: Նախորդ տարվա հունիսի 30-ին ոստիկանները փորձել են ներխուժել Եղնուկյանի բնակարան՝ կնոջը բերման ենթարկելու եւ 4-րդ անգամ որպես տուժող հարցաքննելու համար: Մինչդեռ նա միշտ նույն ցուցմունքն է տվել: «Ես ասում եմ կինս որտեղ է, գնացեք բերման ենթարկեք կնոջս դատարանից: Պրոբլեմ չկա, բայց տանը չէ, ես ձեզ թույլ չեմ տալու տուն մտնել»,- դատարանում հայտարարեց Կարո Եղնուկյանը: Նա այսօր դեպքից այլ մանրամասներ ներկայացրեց: «Նա ներխուժել էր բնակարան եւ չէր ենթարկվում իմ պահանջին, որ դուրս գա բնակարանից : Իմ տունը իմ պալատն է եւ պալատում ես եմ թագավորը»: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց բողոքը: «Որոշ ժամանակ հետո, եթե ոչ Սահմանադրական դատարանը, ապա Եվրոպական դատարանը կանդրադառնա այս հարցին: Ինձ թվում է, որ կունենանք հերթական դատական ակտը ՀՀ-ի դեմ: Մենք ոստիկանական երկիր, ոստիկանական պետություն չենք: Ոստիկանը երբ ցանկանա, մի քանի ոստիկանի վերցնի եւ գա մտնի անձի բնակարան՝ առանց որեւէ հիմքի, թեկուզ ունի որոշում անձին բերման ենթարկելու»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Այսօրվա որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: