ԱՄՆ-ը պետք է անի ավելին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. կոնգրեսական
Վաշինգտոն - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) ելույթ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) մարտի 4-ին տեղի ունեցած «Ապագայի տոնումը» խորագրով գալա հավաքույթի ժամանակ: Անցյալ գումարման Կոնգրեսում կոնգրեսական Ռոյսը բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք) հետ նամակ հեղինակեցին՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ժամանակվա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին «հրապարակայնորեն դատապարտել շփման գծում կոնկրետ ագրեսիայի գործողությունները»: Նամակում, որը ստորագրել էին 85 կոնգրեսականներ, նշվում էր. «ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի վաղեմի գործելակերպը՝ յուրաքանչյուր նոր հարձակմանն արձագանքել բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով, չկարողացավ լիցքաթափել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի»: Կոնգրեսական Ռոյսից բացի, «Տոնելով ապագան» գալա-հավաքույթին շրջանավարտ կամավորականներ Քեթրին Սարաֆյանի և Մայքլ Աղբաբյանի հետ քննարկում տեղի ունեցավ, որը վարում էր շրջանավարտ կամավորական Քեթրին Մգրուբլյանը: Երեկոյի ընթացքում Համագումարը հարգանքի տուրք մատուցեց Քեննեթ Խաչիգյանին՝ Հանրային ծառայության համար Դյուքմեջյանի անվան մրցանակ շնորհելով: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող անտեսումը և խախտումները՝ Միացյալ Նահանգները կարող է և պետք է անի ավելին՝ Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար», - հավելել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ակնկալում ենք լուրեր ստանալ Հանձնաժողովի նախագահից, ով ամեն տարի ոչ միայն հանդիպում է մեր կամավորականների խմբի հետ, այլև նրանց համար հաջողակ և արգասաբեր կոնգրեսական փորձ է ապահովել», - ավելացրել է Արդունին: